Զորանոցի հրդեհից զոհված զինվորների ծնողները տուժող են ճանաչվել․ նրանք վաղը կհարցաքննվեն

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ծնողներից չորսը վաղը կհարցաքննվեն։ Ըստ էության, մեկ շաբաթվանից որոշակիություն կմտնի մի քանի հարցերի շուրջ»,- ասաց Նորիկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է և բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետևանք է եղել։ Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիներին սպանել են։