Ո՞Վ ԷԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՎ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԳԻՆԸ
Հայաստանի համար փորձում են «ավելացնել ճանապարհների բացման գինը»։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Հայաստանն է 30 տարի եղել շրջափակման մեջ։ Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Եվ սա է իրականում պատճառը. քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պնդում է, որպեսզի իրականացվեն եռակողմ պայմանավորվածությունները և կոչ է անում չվերագրել դրանց այն, ինչ այնտեղ չկա։ «Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցք բառ չկա, այդ ես եմ ներմուծել խոսույթ։ Սրանով ամեն ինչ ասված է»,- հայտարարեց վարչապետը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. եթե ինքդ ես ասում, որ բոլորից առավել հենց դու ունես ինչ-որ բանի կարիքը, ապա գործարքի մյուս կողմը պետք է պարզապես ուղեղից հիվանդ լինի, որպեսզի չօգտվի դրանից ու չավելացնի գինը։ Այո, մեզ առաջարկվում է հաղորդակցությունների ապաշրջափակման դիմաց վճարել Սյունիքով արտատարածքային միջանցք տրամադրելով։ Բայց այդ ինչպե՞ս է ստացվել, որ Բաքուն այդ անպարկեշտ առաջարկը համարում է տեղին և իրատեսական։
Հարցն այս բնավ հռետորական չէ։ Եվ դրա պատասխանը կարելի է գտնել Հայաստանի իշխանությունների հայտարարություններում ու քայլերում՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված թեզին, որի տակ Հայաստանը՝ հանձին Փաշինյանի, ստորագրել է։ Այս մասին խոսվել ու գրվել է բազմիցս, բայց այդուհանդերձ արժե նորից հիշել։ Ահա ուրեմն, հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը երբեք ոչինչ չի շրջափակել, ապաշրջափակման համատեքստում կոնկրետ պարտավորություններ է ստանձնել հենց և միայն Երևանը։ Դա արտառոց է, բայց փաստ: Եվ փաստ, որը Հայաստանի համար, ուղիղն ասենք, անհամարժեք ավելացնում է հաղորդակցությունների բացման գինը։
Այդ փաստաթղթի ստորագրումից հետո առաջին իսկ օրվանից ադրբեջանական կողմն առաջ է մղում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարը։ Զուգահեռաբար պաշտոնական Երևանը ողջ այդ ընթացքում պնդում է, որ իր համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այդուհանդերձ մինչև վերջերս փոխվարչապետների մակարդակով բանակցություններ էին ընթանում ապաշրջափակման ծրագրի իրականացման շուրջ։ Խնդիրն այն չէ, որ բանակցություններն անիմաստ են կողմերի բացարձակ հակադիր դիրքորոշումների պայմաններում, և այդ բանակցություններին հայկական կողմի մասնակցությունն ինքնին վկայում է զիջումների նրա պատրաստակամության մասին։
Այստեղ կարևոր է նշել մեկ այլ բան. Երևանն առհասարակ համաձայնել է քննարկել հայտարարության 9-րդ կետը՝ Բաքվի կողմից փաստաթղթի գրեթե բոլոր մյուս կետերի կոպիտ խախտման խորապատկերին։ Երևանը համաձայնել և համաձայնում է բանակցել տրանսպորտային հաղորդակցությունների հարցի շուրջ, մինչդեռ Բաքուն հրաժարվել և հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, իսկ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները բռնազավթել են Արցախի և Հայաստանի նոր տարածքներ։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի իշխանության համար մնացած բոլոր հարցերը շատ ավելի անկարևոր էին, քան հաղորդակցության հարցը։ Իսկ դա առավել քան ծանրակշիռ առիթ է Ադրբեջանի համար՝ ավելացնելու Հայաստանի ապաշրջափակման գինը։
Համատեղ հայտարարության ստորագրման առաջին իսկ օրվանից Հայաստանի իշխանությունն իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով համոզում է հանրությանը, թե տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ահռելի դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա և հսկայական օգուտ կբերի նրա քաղաքացիներին: Ահա թե ինչ էր ասում, օրինակ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ դեռ նոր էր նշանակվել այդ պաշտոնում 2020-ի նոյեմբերին. «Իհարկե, բաց սահմանները շատ լավ են տնտեսության համար, քանի որ մրցակցության արդյունքում ստեղծվում են ավելի որակյալ ապրանքներ, այսինքն որակով մեր տնտեսությունը կարող է հասնել համաշխարհային մակարդակի։ Եթե էժան ու որակյալ ապրանքներ են ներկրվում երկիր, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ», - նշում էր նախարարը։ Իսկ բացի այդ, պատմում էր այն մասին, որ հեռանկարում Հայաստանը կարող է օգտվել թուրքական նավահանգիստներից և ադրբեջանական շուկայից։ Սա բնավ եզակի դեպք չէ, երբ հայաստանյան իշխանության ներկայացուցիչներն այն աստիճան ինքնամոռաց էին գովազդում հաղորդակցությունների բացման գաղափարը, որ թվում էր, թե դա երկրի ճանապարհն է դեպի աննախադեպ տնտեսական հրաշք։ Իսկ Բաքվում, ակնհայտորեն, նայում էին այդ ամենին ու մտածում. եթե մենք այդքան հեքիաթային ապագա ենք առաջարկում Հայաստանին, ապա դրա դիմաց Երևանի վճարած գինն էլ պիտի հեքիաթային լինի։
Օրինակներ, թե ինչպես է հայկական իշխանությունն ինքը ավելացրել Հայաստանի ապաշրջափակման գինը, կարելի է բերել անթիվ քանակությամբ։ Հատկապես հայ-թուրքական սիրախաղի համատեքստում։ Բայց մենք դա չենք անի, որպեսզի չհոգնեցնենք ընթերցողին։ Նշենք միայն, որ Հայաստանում իշխանության ղեկին այս թիմի բուն առկայությունն արդեն իսկ բավարար հիմք է Բաքվի համար, որպեսզի, մասնավորապես, ավելացնի ապաշրջափակման գինը։ Պատերազմում պարտված թիմի, Արցախը հանձնած թիմի, Հայաստանի պետական և ազգային շահերի ոլորտում որևէ կարմիր գիծ չտեսնող թիմի։