Հրդեհված կացարանն օդի՞ց է կախված. դատախազության նշած հասցեում անշարժ գույք գրանցված չէ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանը, որտեղ հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով 15 զինվոր էր մահացել, Կադաստրի պետական կոմիտեում գրանցված չէ կամ էլ դատախազությունում առկա հասցեն է ոչ ճշգրիտ։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրդեհի դեպքից հետո գրեցին, իբր հրդեհված կացարանը 35 տարի առաջ ադրբեջանցու տուն է եղել։ Նշվում է` իբր այդ շենքում է ապրել արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Կամանդարա Հասանովան։
ՀՀ դատախազությունն իր հերթին հաղորդագրություններում քանիցս հայտնել է, որ հրդեհված կացարանը գտնվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում.
1. 26.01.2023 | Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի նկատմամբ
2. 31.01.2023 | Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. Մ.Ս.-ն ձերբակալվել է
3. 01.02.2023 | Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել է Կադաստրի պետական կոմիտե` տեղեկանալու, թե ում անունով է վերոհիշյալ հասցեի տունը գրանցված, արդյոք տարիների ընթացքում սեփականատերերը փոխվել են, ինչպես նաև տեղեկություններ խնդրել առաջին սեփականատիրոջ մասին։
Կառույցից ի զարմանս մեզ հայտնեցին, որ այդ հասցեում անշարժ գույք գրանցված չէ։
«Ըստ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների` Գեղարքունիքի մարզ, Ազատ գյուղ, 1-ին փողոց, N 20 բնակելի տուն հասցեով անշարժ գույքի միավոր գրանցված չէ»,–ասվում է Կադաստրի պետական կոմիտեից ստացված պատասխանում։
Այսինքն` ժամանակավոր կացարանը, որտեղ հրդեհ է բռնկվել (ըստ դատախազության ներկայացրած հասցեի), «օդում կախված է», որևէ տեղ գրանցված չէ։
Հասցեն է սխալ նշվել, թե կառույցն իրոք գրանցված չէ համապատասխան կառույցում, հարց է մնում։
Հավելենք, որ Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն` ճշտելու` նշված ժամանակավոր կացարանը երբվանից է վարձակալվել և ինչքան ժամանակով։ Նախարարությունից, սակայն, մեր հարցմանն այդպես էլ չպատասխանեցին։
Գրավոր հարցմամբ դիմել ենք նաև դատախազություն և վերոհիշյալ պատկան մարմիններից պատասխաններ ստանալուն պես կհրապարակենք դրանք։
Ի դեպ, կացարանի` ՊՆ–ին տրամադրելու ժամկետների հետ կապված էլ հակասություններ կան. ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` շինությունը նախատեսվել է որպես ժամանակավոր կացարան 2020 թվականից։ Նրա խոսքով` կացարանն ավելի մեծ հաճախականությամբ զբաղեցվել է 2021 թվականից, նախատեսված է եղել օգտագործել մինչև մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը (2023թ. վերջ)։
Իսկ ահա հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե զինվորներին տեղավորել են կացարանում, քանի որ զորամասը վնասվել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Նրա խոսքով էլ ստացվում է, որ տունը որպես զորանոց ծառայել է միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում։