ԱՄՆ Պետդեպարտամենտում ՌԴ-ին մեղադրել են հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանելու մեջ
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խափանելու մեջ:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խարխլեցին ջանքերի Մի շարք ուղղություններ, խարխլեցին Մինսկի խմբի ձևաչափով արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։
«Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։
News.am