ԵԽ պատգամավորը Սյունիքի մարզում արձանագրել է, որ Հայաստան–Արցախ ճանապարհը փակ է

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

Բելամինը Գորիսում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, որտեղ Բելամինն արձանագրել է, որ Արցախ–Հայաստան ճանապարհը փակ է։ Պատգամավորը նաև հանդիպել է ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ։

Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։

«Պարոն Բելամինն Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այնտեղ կատարվողը, քանի որ առաջիկայում Եվրախորհրդարանում պետք է ելույթ ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով։ Նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում։

Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայում առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։

Sputnik Արմենիա