Իսրայելական որոնողափրկարարական խումբը լքում է Թուրքիան «անվտանգության էական սպառնալիքի» պատճառով
Իսրայելական որոնողափրկարարական «United Hatzalah» խումբը հեռանում է Թուրքիայից՝ վեց օր տեղում մնալուց հետո՝ խմբի դեմ «անվտանգության զգալի սպառնալիքի» պատճառով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով խմբի հայտարարությունը։
«United Hatzalah»-ի գործադիր տնօրեն Էլի Փոլակը և օպերատիվ գծով փոխնախագահ Դով Մեյզելը ասել են, որ իրենք «հետախուզական տեղեկատվություն են ստացել իսրայելական պատվիրակության համար հստակ և անմիջական սպառնալիքի մասին, և մենք պետք է առաջին հերթին դնենք մեր անձնակազմի անվտանգությունը»:
«Մենք գիտեինք, որ որոշակի մակարդակի ռիսկ կա մեր թիմը Թուրքիայի այս տարածք ուղարկելու մեջ, որը մոտ է սիրիական սահմանին, սակայն մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել՝ մեղմելու սպառնալիքը՝ հանուն կյանքեր փրկելու մեր առաքելության», - ասել է Մեյզելը:
Որոշումն ընդունվել է «Իսրայելի պաշտպանության ուժերի ղեկավարների, ներքին ճակատի հրամանատարության և որոնողափրկարարական ստորաբաժանումների հետ համատեղ գնահատումից հետո, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան», - ասել են նրանք:
Խմբի մեկնման արագության և «անվճար ինքնաթիռների բացակայության» պատճառով ամերիկացի հանրապետական հանգուցյալ Շելդոն Ադելսոնի այրին՝ Միրիամ Ադելսոնը, նվիրաբերել է իր անձնական ինքնաթիռը՝ թիմը կիրակի օրը Իսրայել վերադարձնելու համար:
Իսրայելական երկրորդ օգնության խումբը՝ IsraAID-ը, շարունակում է գործել Թուրքիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայից և Գերմանիայից ժամանած փրկարարական խմբերը ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը Թուրքիայում՝ հայտարարելով «անվտանգության ռիսկերի» և «անհայտ խմբերի» միջև բախումների մասին։
News.am