«Ոսկու շուկան» վերաբացվել է

Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառը, որը փետրվարի 9-ից չի գործում, այսօր վերաբացվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ուրբաթ այցելել է տոնավաճառ և արձանագրել, որ գրեթե բոլոր խախտումները վերացված են։

«Մեզ մոտ արձանագրված խախտումները շատ քիչ էին, այժմ մնացել է միայն մեկ խախտում, որի վերացման համար մենք մի քանի ամիս ժամանակ ենք խնդրել»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել է, որ «Ոսկու աշխարհի» շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։