Աբրահամյան․ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում, «պերեբոր» է

Հայաստանի` Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում, ակնհայտորեն «պերեբոր» է, հաշվի առնելով Թուրքիայի թշնամական վերաբերմունքը, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցելու նրա ակտիվ դերը և դրան հաջորդած ագրեսիվ գործողությունները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ես կհասկանայի Հայաստանի իշխանությանը, եթե որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր։ Բայց Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ է՝ հումանիտար բեռ են փոխանցում։ Գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են և՛ մեր մշտական բարեկամ Սիրիայում, և՛ Թուրքիայում»,- նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրականացրած քաղաքականությունն ու Հայաստանի քայլերը համահունչ չեն։ Քաղաքական գործիչը վստահ չէ, որ Անկարայի հետագա քաղաքականությունը հայկական ուղղությամբ կորոշվի իրեն տրամադրվող մարդասիրական օգնությունով կամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ ցավակցություններով։

Sputnik Արմենիա