ՈՎ Է ՄՈՌԱՑԵԼ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՆԵՐԿԱՆ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է արտահայտվել Հայաստանի կողմից Թուրքիային մարդասիրական օգնության ցուցաբերման կապակցությամբ: Տվյալ իրադարձությունը պաշտոնյան մեկնաբանել է իր Twitter-ում։

«Թուրքիայում տեղի ունեցած այդչափ մեծ ողբերգության պայմաններում սրտահույզ է տեսնել իր հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը»,- գրել է դիվանագետը։ Նրա խոսքերով, երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ մարդասիրական օգնության առաքումը դրական արձագանք է առաջացրել, հաղորդում է Sputnik Արմենիան։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.Կլաարը չի հստակեցնում, թե հատկապես ում մոտ է դրական արձագանք առաջացրել սույն «սրտահույզ» փաստը։ Եվ դրա անհրաժեշտությունն էլ, թերևս, չկա։ Համամարդկային արժեքների և մարդասիրության տեսանկյունից նման դժբախտության մեջ հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելն, անշուշտ, արժանի է դրվատանքի։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր դժբախտության մեջ գտնվողների նախնիները 100 տարի առաջ կոտորել են նրանց նախնիներին, ովքեր այսօր օգնության ձեռք են մեկնում, և այդ վերքերն առ այսօր ամոքված չեն, ապա հայկական կողմը պարզապես մեծահոգության եզակի օրինակ է ցույց տալիս։ Այնպես որ, սկզբունքորեն, ԵՄ հատուկ ներկայացուցչի արձագանքը հասկանալ կարելի է։ Նրա ձևակերպումներում պակասում է թերևս միայն «հաճելիորեն զարմացած եմ» արտահայտությունը։

Ասենք, հաճելիորեն թե տհաճորեն՝ ճաշակի հարց է: Բայց այ զարմանալին պաշտոնական Երևանի պահվածքում այս իրավիճակում առավել քան բավարար է։ Այստեղ զերծ կմնանք հույզերից ու գնահատականներից՝ սահմանափակվելով որոշ փաստերի չոր արձանագրումով։

Փաստ առաջին. փետրվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ալիևին Թուրքիային օգնելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահն ասել է, որ տեղյակ է Ադրբեջանից ստացված օգնության մասին։ «Ինչպես որ Ղարաբաղում Թուրքիան էր Ադրբեջանի կողքին, այնպես էլ այժմ Ադրբեջանը միայնակ չի թողնում Թուրքիային բարդ իրավիճակում։ Մեր կարգախոսն է՝ մեկ ազգ, երկու պետություն»,- հայտարարել Է Էրդողանը։

Փաստ երկրորդ. փետրվարի 10-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ երկրաշարժի առնչությամբ Անկարային ցավակցելու և Թուրքիա ու Սիրիա օգնություն ուղարկելու համար։

Փաստ երրորդ. 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է. «Ակնհայտ է, որ հիմա և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայից բխող անմիջական սպառնալիքի տակ։ Մեր ունեցած տեղեկություններով, նա առիթներ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնորեն ներգրավվելու համար, որպեսզի իր զորքերը մտցնի Նախիջևան։ Մենք տեղեկություններ ունենք, որ այնտեղ արդեն ներկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։ «Այժմ միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային հեռանալ տարածաշրջանից և հարկադրի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան»,- ամփոփել է նա:

Փաստ չորրորդ. ավելի քան 2 ամիս շարունակ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Արցախին մարդասիրական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի օգնությամբ։

Փաստ հինգերորդ.ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվում բժշկական գերշտապ օգնության կարիք ունեցող հիվանդները։

Փաստ վեցերորդ. 120 հազար արցախցիներն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր։

ԱՅԺՄ ՓՈՐՁԵՆՔ ԱՄՓՈՓԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին՝ Թուրքիային Հայաստանի ցուցաբերած օգնության համար: Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահին օգնության համար՝ հիշեցնելով, որ երկու տարի առաջ Թուրքիան օգնել է Ադրբեջանին Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ պատերազմում։ Եվ դա պարզապես ռազմական օգնություն չէր։ Ինչպես այն ժամանակ համարում էր Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու համար։ Եվ ահա այսօր Հայաստանն օգնում է Թուրքիային։ Ընդ որում 120 հազար արցախցիներին օգնում են գոյատևել ուրիշները՝ ռուս խաղաղապահներն ու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն։ Հատուկ ընդգծենք. ՀՀ անձնագիր ունեցող 120 հազար մարդկանց։

Իհարկե, առանց վերոթվարկյալ փաստերը հաշվի առնելու՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի համար կարող է «սրտահույզ» լինել այն, թե ինչպես է Թուրքիային օգնում հարևան երկիրը՝ Հայաստանը։ Բայց ողջ հարցն այն է, որ փաստերը համառ բան են, դրանք չեն կարող անտեսվել:

«Ով անցյալը հիշատակի, նրա աչքը թող խավարի»,- ուսուցանում է ռուսական ասացվածքը: Բայց դա ունի նաև ժամանակակից շարունակություն. «Իսկ ով անցյալը մոռանա, երկու աչքով քոռանա»։ Բայց ի՞նչ է սպասում նրան, ով մոռացել է անցյալը և չի տեսնում ներկան։ Թերևս՝ Ցեղասպանություն…