Ոստիկանությունում «Համմերի» դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
«Համեր» մակնիշի ավտոմեքենայի գործով ոստիկանների գործողություններն ուսումնասիրելու նպատակով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետև սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ և ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող և ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին և ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին և ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։