Չավուշօղլու․ Միրզոյանը պատմել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման ընթացքի մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հայտնել է Երևանի և Բաքվի բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հեռանկարների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել է Չավուշօղլուն Անկարայում իր հայ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իմ գործընկերը (Միրզոյանը,–խմբ.) տեղեկացրել է ինձ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Դրանք շարունակվում են։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա օգուտ կբերի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար», - ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և այդ հարցում հետագա քայլերը։

Նրա խոսքով՝ շարունակվում է Հայաստանի ու Թուրքիայի սահմանին անցակետի նախապատրաստումը. վերանորոգվում են այնտեղ տանող ճանապարհներն ու կամուրջները:

Նշենք, որ ասուլիսը հեռարձակվել է թուրք նախարարի թվիթերյան էջում։

Sputnik Արմենիա