Հակառակորդի կրակոցից զինծառայողը վիրավորվել է ուսի շրջանում. քրգործ է հարուցվել

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ Նորաբակ բնակավայրի հատվածում մարտական հենակետի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ Պ-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները»:

News.am