Գերմանիայի ոստիկանները պարեկային ծառայություն կիրականացնեն հայ-ադրբեջանական սահմանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության 15 ոստիկան կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման միջազգային առաքելությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Հեբենշտրայտին։

Նշվում է, որ անզեն իրավապահները սահմանին պարեկային ծառայություն կիրականացնեն Հայաստանի կողմից։

«Դաշնային կառավարությունը որոշում է կայացրել, որ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով Գերմանիան կմասնակցի Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA)»,– հայտարարել է Հեբենշտրայտը։

Նա հստակեցրել է, որ EUMA–ի առաքելությանն ամենաշատը 15 գերմանացի իրավապահպան կմասնակցի, իսկ ընդհանուր առմամբ եվրոպական տարբեր երկրներից մասնակից ոստիկանների թիվը կլինի 100։

«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ»,– նշել է նա։

EUMA առաքելությունն իր գործունեությունը կսկսի փետվարի 20-ին։ Դրա նպատակն է անզեն պարեկների օգնությամբ հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանն աշխատում է խաղաղության պայմանագրի տեքստի վրա և շուտով կարող է իր տարբերակը փոխանցել Բաքվին:

Sputnik Արմենիա