ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՊ-ՈՒՄ. Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը բացի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի շարք հարցերից, անդրադարձել է նաև այլ հարցերի։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հանդիպման օրակարգում հիմնականում եղել են հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը։ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ փուլում են բանակցությունները, ինչի շուրջ է բանակցում Հայաստանը։

«ՔՊ–ականները Փաշինյանի հետ քննարկել են, մասնավորապես, Ադրբեջանի վերջերս փոխանցած առաջարկները` խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, Փաշինյանից հետաքրքրվել են` ինչ դիրքորոշում ունի նա դրա հետ կապված, ՔՊ–ականները նաև իրենց տեսակետներն են հայտնել»,– հայտնում է թերթը։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ հնարավորինս շուտ պետք է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

ՔՊ–ականները, ըստ «Ժողովուրդ»–ի, այս առումով մեծ ակնկալիքներ ունեն հատկապես Արարատ Միրզոյանի` փետրվարի 15-ին Թուրքիա կատարած այցից։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15–ին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հավելենք, որ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ Ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։

Sputnik Արմենիա