Գարիկ ՄԻՍԱԿՅԱՆ. ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱՍԵՑ ԻՐ ԹՇՆԱՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻՆ
Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված ամենամյա քայլերթի ժամանակ հակաադրբեջանական կարգախոսներն ու հայտարարությունները լուրջ ուղերձ են առ Ադրբեջան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով փետրվարի 11-ին Իրանում տեղի ունեցածին։
Փորձագետները սա համարում են աննախադեպ բան, քանի որ նախկինում քայլերթների ժամանակ եղել են բացառապես հակաամերիկյան և հակաիսրայելական հայտարարություններ։ Ըստ իրանագետների, ակցիայի մասնակիցներն այս տարի ցուցադրել են նաև այսօրվա Իրանի քաղաքական դիրքորոշումը Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ։
Գարիկ Միսակյանի խոսքով, Իրանն այս քայլով Ադրբեջանին գործնականում ներկայացրել է որպես իսլամական Իրանի գաղափարական թշնամի՝ Բաքվի վարչախմբին հավասարեցնելով Իսրայելին, այսինքն նրան դասելով իր թշնամիների շարքին։
«Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված ամենամյա քայլերթը կարևորագույն ներքաղաքական ու արտաքին քաղաքականության առումով կարևորագույն միջոցառում է։ Այն բավականին լուրջ կերպով է անցկացվում, պաշտոնական տեղեկատվության համաձայն, այն այս տարի ունեցել է 20 մլն մասնակից։ Ակցիան միշտ ունեցել է հակաամերիկյան, հակաիսրայելական բնույթ, որևէ այլ պետության մասին հիշատակում երբևէ չի եղել։ Հիշատակվել են Իրանի գլխավոր թշամիները։ Այս տարի, հաշվի առնելով նաև հավանաբար Ադրբեջանի հետ խնդիրները, Իրանի դեմ Բաքվի վարած քաղաքականությունը, հակադրբեջանական լոզունգներ են հայտնվել, ինչպես նաև «Հոսեյնականներ» կոչվող ադրբեջանական կազմակերպության դրոշները՝ հավասարեցնելով դրանք Լիբանանում գործող «Հըզբոլահի» հետ, այսինքն ակնհայտ ռազմական կառույցի, որը պայքարելու է Իրանի քաղաքական նպատակների համար»,-ասաց նա։
Փորձագետը մանրամասնում է, որ Իրանի հովանավորությամբ Ադրբեջանի տարածքում գործող խմբավորումներն էլ ներկայացվել են որպես ողջ Մերձավոր Արևելքում գործող, այսպես կոչված «դիմադրության առանցքի» հստակ բաղադրիչ, որի հիմնական գործառույթներից մեկը նաև զենքի ուժով Իրանի շահի համար կռվելն է, լինի Իսրայելը, ԱՄՆ-ն, թե ցանկացած այլ խմբավորում։
Գարիկ Միսակյանն ընդգծում է՝ Իրանի համար այդ կարևոր քայլերթն անցկացվում է պետության հովանավորությամբ, ցանկացած կոչ, ցուցապաստառ, որ կլինի դրա ընթացքում, ունի պետական թույլտվություն։
«Իրանը չթաքցրեց դա։ Սա պետք է դիտարկվի ոչ թե սովորական ակցիա, այլ քաղաքական լուրջ ուղերձ դեպի Ադրբեջան, որ եթե շարունակի նա իր քաղաքականությունն Իրանի դեմ, ապա դիտարկվելու է որպես թշնամական պետություն»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում տարածաշրջանի երկու երկրների հարաբերությունները բավականին բարդ վիճակում են, վերջին դեպքերից հետոԻրանում այսօր չի գործում Ադրբեջանի դեսպանատունը։
Իրանագետի խոսքով, չնայած բարդ իրավիճակին գոնե այս փուլում Իրանը հարաբերությունների վերջնական խզման չի գնում, միաժամանակ հավանաբար չերևացող հատվածում որոշակի գործողություններ են ձեռնարկվում, օրինակ, ակտիվացել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին խոսակցությունները։
Ստեղծված իրավիճակում, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է առավելագույնս խորացնի հարաբերություններն Իրանի հետ բոլոր ոլորտներում։
«Իրանի դեսպանը վերջերս հայտարարեց, որ Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացումը կլինի օրինակելի քայլ։ Այսինքն, Իրանը բացահայտ կերպով «ասում է»՝ բացեք Թավրիզում հյուպատոսություն։ Իրանը մեզ հետ բոլոր ոլորտներում համագործակցելու մեծ ցանկություն ունի, քանի որ հասկանում է արցախյան պատերազմի հետևանքով Կովկասում իր ազդեցության նվազման խնդիրը պետք է փորձի լուծել։ «Զանգեզուրի» միջանցք կոչվածն այս առումով Իրանի համար կարմիր գիծ է, քանի որ նրանք սկսել են դա ասոցացնել իրենց երկրի տարածքային ամբողջականության հետ, դրա դեմ պայքարը դիտարկում են որպես Իրանի սահմանների պաշտպանություն»,-ասաց փորձագետը։