Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 4–ը` վերադարձել Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

- «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

- «Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Հավելենք, որ մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։

Sputnik Արմենիա