15 րոպե է տևել, մինչև կրակը հասել է զինվորների սենյակ. հրդեհի գործով սպան ցուցմունք է տվել

Երեկ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել և ցուցմունք է տվել հունվարի 19-ին ինժեներասակրավորական վաշտի զինվորների կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, բայց Եղիշեն, ըստ փաստաբանի, պատմել է դեպքի վերաբերյալ իրեն հայտնի բոլոր հանգամանքները։

«Խնդիրն այն է, որ 2 օր առաջ Եղիշեն անզգայացմամբ վիրահատվել էր` ոտքից մաշկը հանել և պատվաստել էին ձեռքերի վրա։ Այնպես չէ, որ նա առողջական փայլուն վիճակում էր, պարզապես արդեն ի վիճակի էր խոսել և սկսեց ցուցմունք տալ։ Ընթացքում հոգնեց, ինքնազգացողությունն էլ վատացավ, պարբերաբար դեղեր էր ընդունում»,–ասաց փաստաբանը` մանրամասնելով, թե ինչու է կիսատ մնացել հարցաքննությունը։

Բացի այդ, լրացել էր հարցաքննության 4 ժամը, և քննիչն իրավունք չուներ շարունակել այն։

Հարցին, թե Հակոբյանի տված ցուցմունքը կփոխի՞ գործի ընթացքը` փաստաբանը պատասխանեց, որ նախ պետք է ունենա գործի ամբողջական տվյալները։ Սարգսյանի խոսքով` Հակոբյանի ցուցմունքից ակնհայտ էր, որ զինվորական կարգուկանոնը պահպանված չի եղել, անվտանգային ոչ մի համակարգ չի աշխատել։ Եղիշե Հակոբյանը ներկայացրել է մանրամասներ, որոնք առնչվում էին զինծառայության պայմաններին։

Փաստաբանը հայտնեց նաև, որ Հակոբյանը կացարանում է գտնվել զինծառայող ընկերների խնդրանքով, չնայած չպետք է այնտեղ լիներ։ Եղիշեն փորձել է վառարանը վառել և հրդեհ է բռնկվել, սակայն ինչքանով սա կապ ունի զինվորների մահվան հետ` իր համար էլ է անհասկանալի։

«Եղիշեն ասում է, որ առաջինն ինքն է վառվել` դեմքը գրեթե 100 տոկոսով այրվել է, և զարմանալի է, որ իր հանած անմարդկային ձայներից ոչ ոք չի արթնացել։ Բացի այդ, Եղիշեն ասել է, որ մեկ այլ զինծառայող է մտել ննջարան և գոռացել, որ դուրս գան, բայց ոչ ոք դուրս չի եկել։ Առավել ևս, ըստ Եղիշեի, 15-20 րոպե ժամանակ է եղել մինչև կրակը հասել է զինվորների ննջարան։ Նա շատ զարմացած է, ասում է` ո՞նց դուրս չեկան»,–պատմում է փաստաբանը։

Նա հավելեց, որ Եղիշեի համար տարակուսելի է նաև նաև հանգամանքը, որ ննջասենյակի վերջում գտնվող 2 զինվորները դուրս են եկել այնտեղից, իսկ մյուսները` ոչ։

Ի դեպ, Եղիշե Հակոբյանի հարցաքննությունն այսօր չի շարունակվի, չնայած քննիչին հայտնել են, որ պատրաստակամ են որքան հնարավոր է շուտ ցուցմունքն ավարտել։

Ավելի վաղ Հովսեփ Սարգսյանը հայտնել էր` Եղիշեն հրաժարվել է նախկինում ցուցմունք տալ, քանի որ ի վիճակի չի եղել` առողջական վիճակը չի ներել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու դեպքով։