Միրզոյան․ Արցախում սահմանադության փոփոխությունների գնալը կարող է հանգեցնել նոր խնդիրների

Եթե մենք շահագրգիռ ենք, որ Արցախը հայկական մնա, պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք որևէ պառակտում, եթե դա հնարավոր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

Անդրադառնալով Ացրախում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուն, նա ասաց. «Չեմ կարծում, թե սահմանադության փոփոխությունը որևէ դրական ազդեցություն կունենա: Հակառակը, նման քայլը կարող է հանգեցնել նոր խնդիրների առաջացման: Նախագահ Արայիկ Հարությունյանը, հավանաբար, ունի շարժառիթներ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, ցանկալի կլիներ, որ այդ շարժառիթները նա ավելի մանրակրկիտ ու տրամաբանական ձևով ներկայացներ, որովհետև մենք գիտենք, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը նոր չէ: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում բազմիցս քննարկվել է Արցախում, պահի տակ շրջանառությունից հանվել է, կրկին վերադարձրել են: Ցանկալի կլիներ լսել բացատրություն, թե ինչու հենց այս պայմաններում նպատակահարմար է գնալ այդ քայլին: Այն հայտարարությունը, որ արվել է, ճիշտն ասած, համոզիչ չէ և չի տալիս հստակ պատկերացում դրա նպատակների մասին»:

Նշենք, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու մասին:

Փոփոխությունը վերեբերում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրությանն ու դրա առանձահատկություններին։ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից։