Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ․ ԿԵՂԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ

Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է «Արդեն երկար ժամանակ է ինչ, կեղծ քաղաքական օրակարգերը դարձել են մեր կյանքի անբաժան մաս, քանզի իշխանական վերնախավը լավ է հասկացել, որ մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։

Սեփական իշխանությունը պահելու համար, այս հնարքը դեռևս հնուց, հաճախակի օգտագործվել է ապիկար իշխանավորների կողմից՝ դաշտ նետել իրականությունը կոծկող այլ քաղաքական օրակարգեր, կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանության գալու կամ այն երկարաձգելու համար:

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քանի որ ընտրության հնարավորություն չկա, ես կմնամ նախագահ՝ այսինքն կա՛մ ես կմնամ նախագահ, կա՛մ Արցախը նախագահ չի ունենա» - ասում էր ԱՀ ներկայիս նախագահը կործանիչ պարտությունից հետո: Իսկ հիմա հորինել են նոր կեղծ օրակարգ՝ «Կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ, առանց լույս, առանց գազ»: Սա ավելի ծանր դեպք է՝ գրեթե ճշմարտանման:

Սակայն մեծ բանիմացություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվում որևէ պաշտոնյայի գնալ -չգնալով: Պարզ է նաև, որ եթե չես ուզում «Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան»»:

Panorama.am