Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ԻՆՉՈՒ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՄԵՐ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՉԿԱՐ ՈՐԵՎԷ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇ

Թուրքիան մշտապես Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալիք է ունեցել զիջումների. Այդ ակնկալիքներն իրենց մեջ ներառել են և ցեղասպանության ճանաչումից հրաժարում, և տարածքային ամբողջականության ամրագրում, այդ թվում Արցախի հարցի պրոթուրքական տարբերակով կարգավորում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Այն, որ Հայաստանի հետ գնում է երկխոսություն, դա Թուրքիայի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի մի համաձայնության ձեռքբերում, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին: Մոտավորապես նույն բանը երեկ ասաց Չավուշօղլուն, որ պետք է այնպես անել, որ նպաստենք տարածաշրջնում դրական զարգացումներին: Նման զարգացումների թուրքական պատկերացումները, կարծում եմ պարզ են, դրա մասին իրենք շատ պարզ ասում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հումանիտար օգնության խնդիրներով Թուրքիայում գտնվող Արարատ Միրզոյանը ոչ մի խոսք չասաց հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի մասին, Կարեն Միրզոյանն ասաց. «Իմ կարծիքով, հայկական կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հեշատացվի կոմունիկացիան Թուրքիայի պետության հետ, բայց որևէ բան չարվեց, որ հեշտացվի կոմունիկացիան թուրք հասարակության հետ: Ես միննչև հիմա չեմ հասկանում, թե ինչու հումանիտար օգնություն տեղափոխող մեր բեռնատարների վրա չկար որևէ հայկական դրոշ: Իշխանության հետ կոմունիկացիայի առումով այս այցը անիմաստ էր, որովհետև կողմերը, ի վերջո, բաժանվեցին իրենց տեսակետներով: Թուրքական կողմը կրկնեց իր տեսակետը, որ չենք բացառում հարաբերությունների կարգավորումը, բայց դրա համար պետք է դրական զարգացումներ լինեն, հայկական կողմն էլ հաստատեց իր պատրաստակամությունը գնալ մինչև վերջ: Բայց չխոսվեց Արցախի մասին»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց, որ պետք չէ մի նժարի վրա դնել Արցախի հարցը և Հայաստան-Թուրքիա պրոցեսները. «Արցախի դեպքում դա բացահայտ ագրեսիայի դրսևորում է, Արցախի մասին Հայաստանը պետք է խոսի անդադար, բայց Հայաստանը դրա մասին չի խոսում ոչ միայն Թուրքիայում, այլև բազմաթիվ այլ մայրաքաղաքներում: Չխոսելը Հայաստանի հետագա զարգացման մասին թյուր ու սխալ պատկերացումների արդյունք է: Դա նաև արհամարհանք է ազգային նպտակների նկատմամբ: Ես համոզված եմ, որ առանց Արցախի հարցի կարգավորման Հայաստանը չի կարող գոյատևել: ՄԻայն Արցախի շնորհիվ Հայաստանը կարող է պահպանել իր սուբյեկտայնությունը. Լինել մի երկիր, որ կարողանա երևալ համաշխարհային քարտեզի վրա»,-ընդգծեց Արցախի ԱԳ նախկին նախարարը:

News.am