ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է. ՌԵԺԻՄԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՋՆՋԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՋԵՐԸ
1988 թվականի փետրվարի 12-ին Հադրութում անցկացվեց առաջին հանրահավաքը, որը սկիզբ դրեց հայ ժողովրդի պատմության մեծագույն իրադարձությանը՝ Արցախյան (Ղարաբաղյան) ազգային-ազատագրական շարժմանը։ «Շարժումը» սկսվեց Հադրութում, մեկ օր անց հասավ Ստեփանակերտ, ապա Երևան, վերածվելով ողջ ազգի միասնական կամարտահայտության անկասելի պոռթկման։ Շարժման օրինակելիությունն ու օրինականությունը, հատկապես առաջին փուլում, վաղուց դարձել են քրեստոմատիական և լեգենդար կատեգորիաներ, որոնք ենթակա չեն վերանայման։
Ազգային-ազատագրական շարժման հերթական, այն էլ հոբելյանական տարեդարձի օրերին Հայաստանում դրա մասին քչերը հիշեցին. թերևս միայն՝ սոցցանցերի առանձին օգտատերեր։ Եվ ինչպիսի մռայլ-ողբերգական խորհրդանշականություն կա նրանում, որ Հադրութը, այն քաղաքը, որտեղ, ըստ էության, ծնունդ է առել շարժումը, այսօր ժամանակավորապես բռնազավթված է թշնամու կողմից, որովհետև թուրքական ռեժիմի օկուպացիայի տակ է ողջ Հայաստանը։ Փաշինյանական ոհմակը չհիշեց տարեդարձի մասին, ինչպես որ մեկ ամիս առաջ չհիշեց ու մի բառ անգամ չասաց 1990թ. հունվարին Բաքվում հայերի ցեղասպանության մասին։ Եվ, կարելի է չկասկածել, ոչ մի բառ չի ասի 2 շաբաթ անց՝ «սումգայիթի» 35-րդ տարելիցի կապակցությամբ…
Եվ նույնիսկ եթե փետրվարի 20-ին մի քանի հերթապահ խոսք հնչի, դա ամենևին չի փոխում խնդրի էությունը. բռնազավթված Հադրութն առավել քան պերճախոս աղաղակում է բացարձակապես ամեն ինչի մասին։ Ցուցանշական փաստ. Արցախի կառավարությունը՝ Նիկոլի կամակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, միայն երեկ՝ փետրվարի 15-ին հանկարծ մտաբերեց հոբելյանն ու հայտարարեց միջոցառումների կազմակերպման համար հանձնաժողով ստեղծելու մասին։ Գուցե ամոթից (ինչը քիչ հավանական է), իսկ գուցեև ձևականորեն, որպեսզի խուսափեն հանրության վրդովմունքից՝ հոբելյանական ամսաթիվն անուշադրության մատնելու չափազանց ակնհայտ ցանկության համար։
Հայ ժողովրդի համար այսքան ծանր ու գործնականում անհույս ժամանակներում Ղարաբաղյան շարժման մասին կարելի է խոսել 1988թ.փետրվարի 12-ին սկսված և 1994թ. հաղթական մայիսով ավարտված ծանրագույն, բայց փառահեղ, արժանապատիվ ու վեհ ժամանակաշրջանի հետ նոստալգիկ համեմատությունների համատեքստում։ Բայց դժվարին պայքարի և պատմական ձեռքբերումների այդ ավելի քան 6 տարիների մասին կարելի է և պետք է հիշել ավելի շուտ այլ համատեքստում. դասեր քաղելու և պատասխաններ փնտրելու այսօր մեզ հանգիստ չտվող գոյաբանական բնույթի հարցերին։ Ինչո՞ւ ստացվեց այն ժամանակ, հետխորհրդային շրջանում, կոմունիստական կեղծ գաղափարախոսությամբ դաստիարակված հայերի ջանքերով, թեկուզև հոգեվարք ապրող, բայց հզոր կայսրության հետ դիմակայության մեջ, և ինչո՞ւ հասանք այսօրվա թշվառ ու նվաստացած վիճակին, կորցնելով այն ամենը, ինչ նվաճել էինք անհավանական կորուստների գնով։
Ինչպե՞ս կարող էր Հադրութում, Ստեփանակերտում և Երևանում բազմահազարանոց ու անդադար հանրահավաքներով կանգնած, 6 տարի շարունակ անօրինակ հերոսության, արիության, տոկունության, արժանապատվության և Հայրենիքին անմնացորդ նվիրումի հրաշքներ ցուցաբերած, կորցրած հողերը վերադարձնելու իր խենթ երազանքը կյանքի կոչած և հանուն այդ երազանքի բառացիորեն ոչինչ չխնայած ժողովուրդը ցած գլորվել փաշինյանների, սիմոնյանների և միրզոյանների թուրքամետ ռեժիմի մակարդակի։
1988-ի երևանյան հանրահավաքների մասին կարելի է խոսել ամենաբարձր ու վսեմ արտահայտություններով, և այդ ամենը ճշմարտություն կլինի։ Հետո, ամիսներ անց, երբ ակնհայտ կդառնա կատարվածի լրջությունն ու խորությունը, գործին կմիջամտեն բոլորովին այլ ուժեր, բայց այն ժամանակ՝ 88-ի փետրվարին, ամեն ինչ դեռ մաքուր էր, անաղարտ, վսեմ, լուսավոր ու հոգևոր։ Չմթագնված ո՛չ հիվանդ հավակնություններով, ո՛չ եսակենտրոնությամբ և ոչնչությունների համար իշխանության հրապույրներով, ո՛չ հարստանալու տենչով, ո՛չ ցինիզմով և օտար ուժերից ու ազդեցություններից կախվածությամբ։ Չկար լայնածավալ սուտ և անսահման երեսպաշտություն, չկար ստորություն, դավաճանություն և նսեմ կրքեր: Չկար այն ամենը, ինչը կործանում է մեզ այսօր։ Այն ամենը, ինչը հանգեցրեց Հադրութի ու Շուշիի կորստին և խայտառակ լռությանը պատմական Շարժման տարեդարձի օրերին։
Իմաստ չունի անուն առ անուն հիշել բոլոր նրանց, ովքեր մարմնավորել և ղեկավարել են Շարժումը. նրանց անունները հայտնի են։ Երևելի անունների և լեգենդար հերոսների թիվը է՛լ ավելի աճեց պատերազմի ժամանակ։ Նշեք այսօր ապրող թեկուզ մեկ մարդու անուն, որը կարող է և կհամարձակվի իր վրա վերցնել առաջնորդի ճակատագրական բեռը՝ ծանրաբեռնված չլինելով սեփական անցյալի բազմաթիվ մեղքերով. առաջնորդ, որին կհավատա և որի հետևից կգնա ժողովրդի գիտակից, մտածող և համարժեք մասը։ Նման անձնավորություն այսօր չկա, և այդ փաստը նույնպես փաշինյանական մռայլ ժամանակների ճակատագրական նշաններից մեկն է։
Չկա այդպիսի առաջնորդ ո՛չ քաղաքական գործիչների, ո՛չ հասարակական գործիչների, ո՛չ մտավորականների շրջանում։ Ասենք, իսկ կա՞ այսօր նա՝ հայ մտավորականությունը, թե՞ լրիվ պոչը քաշել ու թաղվել է իր «էլիտարության» մեջ՝ չցանկանալով «զբաղվել քաղաքականությամբ», բայց ահուդողով սպասելով, թե երբ քաղաքականությունը կոչնչացնի ամեն ինչ, այդ թվում՝ իրենց խարխուլ, գրեթե ամբողջությամբ ավերված Հայաստանի ավազի վրա կառուցված փոքրիկ աշխարհը։ Այսօրվա դեմքերի չնչինությունը և Ազգային-ազատագրական շարժման ճշմարիտ, իրական, ժողովրդական խորհրդանիշը դարձած մարդկանց մեծությունը, ուժն ու վեհությունը մեր մասին է, հայ ժողովրդի մասին՝ 35 տարվա տարբերությամբ։
Այն ժողովրդի մասին, որը 6 տարվա ընթացքում, դիմանալով ծանրագույն փորձություններին, անցնելով ցրտի, սովի, խավարի միջով, վերապրելով աղետալի երկրաշարժը, դաժան ճակատագրին տալով իր տասնյակ հազարավոր հայրենակիցների, այդ թվում՝ լավագույններից լավագույններին, վերջապես ազատվեց հավերժ կորցնող և հավերժ խղճահարություն ու ներողամիտ կարեկցանք առաջացնող ձախողակի խարանից ու հոգեբանությունից: Ժողովուրդ, որը սկսեց ազատվել զոհի դարավոր բարդույթներից և զգալ իրեն հաղթող, ինքն իրեն պաշտպանելու ունակ, գործոն դառնալով տարածաշրջանում, արժանապատվություն ձեռք բերելով և հարգանք նվաճելով։
Եվ այս ամենը նաև մի ժողովրդի մասին է, որը 5 տարուց պակաս ժամանակահատվածում կորցրեց այն ամենը, ինչին հասել էր, և վերադարձավ պարտվածի, թուլամորթի, ողորմելիի է՛լ ավելի թշվառ ու անարժան վիճակի, որի բոլոր հույսերը կապված են այս աշխարհի հզորների և նրանց հնարավոր ողորմածության հետ։ Ժողովուրդ, որին աշխարհում ներկայացնում է անգրագետ ծախու հավաքական տականքը, որը պատրաստ է լիզել բոլոր օտարների սապոգները միանգամից՝ հանուն սեփական կուշտ փորի ու իշխանության, թեկուզ նույնիսկ պետությունը՝ վիլայեթի, իսկ ժողովրդին մանկուրտների վերածելու գնով։
35 տարի առաջ մեզ զգացինք ազգ, որն ունակ է կերտելու սեփական ճակատագիրը՝ չնայած շատ ավելի հզոր տերությունների դիրքորոշմանը։ 35 տարի առաջ մենք սկսեցինք ճանապարհը դեպի մեծ հաղթանակ, որը, թվում էր, կարող է ունենալ միայն հաջող շարունակություն։ Բայց ստացանք փաստացի լիակատար փլուզում և նոր ցեղասպանության սպառնալիք։
Այսօր Արցախը բռնազավթված է և լիակատար շրջափակման մեջ, ինչպես 1991-ին: Բայց միևնույնն է, Արցախն ապրում է, շնչում, և ամենակարևորը՝ պայքարում, կրկին ցույց տալով հայ ժողովրդի մնացյալ հատվածին այն միակ ճանապարհը, որը կարող է բերել նոր հաղթանակի. դիմադրության, պայքարի, արիության, հավատի և բարձրագույն բարոյականության ճանապարհը: Արցախն իր օրինակով կարող է վերածնել ողջ Հայաստանը, ինչպես դա արդեն եղել է 35 տարի առաջ։ Հարցը միայն այն է, որ դա ցանկանա Հայաստանի մնացած մասը՝ հիշելով, թե ինչպես դա եղավ այն ժամանակ, փառապանծ ու անմոռանալի 1988-ին…