Հրդեհի գործով քրեական հետապնդում է սկսվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։ Սա հենց այն զորամասն է, որի կացարանում հունվարի 19–ին հրդեհ էր բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

«Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար` իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում` նաև հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինժեներասակրավորական վաշտի զինվորների կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, ցուցմունք է տվել և հայտնել, որ առաջինն ինքն է այրվածքներ ստացել ու սկսել բարձր բղավել, սակայն ոչ ոք չի արթնացել։

Նրանից հետո մեկ այլ զինծառայող էլ է մտել ննջարան ու սկսել գոռալ, կրկին ոչ ոք դուրս չի եկել։ Ըստ Էղիշեի` 15-20 րոպե ժամանակ է եղել մինչև կրակը զինվորների ննջարան հասնելը, նա զարմացած է, թե ինչպես է եղել, որ այդ բղավոցներից տղաները դուրս չեն եկել։

Sputnik Արմենիա