ՊՆ նախկին շենքի բնակիչները երեխաների հետ գիշերել են շենքի մոտ
ՊՆ նախկին շենքից երեկ առավոտյան բռնի ուժով տարհանված բնակիչները շարունակում են մնալ շենքի մոտ, նրանք գիշերել են շենքի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վտարված բնակիչներից Անգելինա Էվանյանը:
«Խարույկ ենք վառել, մնացել ենք բակում, ներկա պահին էլ այստեղ ենք գտնվում: Ոտիկանություն լիքը մարդ կա այստեղ: Ո՞ւր գնանք, տեղ չունենք: Երեխաներին մեքենաների մեջ ենք քնացրել, մեքենաները միացրած ենք թողել, մենք էլ դրսում ենք քնել»,- պատմեց բնակիչը:
Նա ասաց, որ շենքում այս պահին հարյուրից ավելի ոստիկաններ կան. «Ոստիկաններն ասում են՝ եկեք, ձեր ապրանքը տարեք, շենքը քանդում ենք: Մենք այստեղից տեղ չունենք գնալու, ապրանքը հանենք ուր տանենք»:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, և ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։