Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻԵՎԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանը պետք է արձագանքի ԱՊՀ գծով գործընկերների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահին շնորհակալություն էր հայտնել աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

«Ադրբեջանը Ուկրաինա սպառազինություն է մատակարարում, 2022 թվականի արտադրության ականներ է մատակարարում, մենք դրա վրա աչք ենք փակում։ Ստիպված ենք փակում, քանի որ սրացում չենք ուզում։ Մենք փորձում ենք պահել սահմանը, բայց պետք է ժամանակ առ ժամանակ ատամներ ցույց տանք», – ասել է Զատուլինը։

Քաղաքական գործիչը համոզված է` Ռուսաստանին կդադարեն հարգել, եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների` Ուկրաինային ուղղված աջակցությանը։

«Հիմա ոչ միայն Ադրբեջանի մասին եմ խոսում, այլ նաև Ղազախստանի հետ կապված, բոլոր մյուսների», – հավելել է նա։

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը նախորդ տարվա արտադրության 120 մմ ականներ է մատակարարել Ուկրաինա։

Sputnik Արմենիա