Միրզոյանը Չավուշօղլուին հրավիրել է այցելել Հայաստա՞ն. ԱԳՆ-ն խուսափում է մեկնաբանություններից
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախատեսվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլու այցը Հայաստան։
Ամենահավանական ժամանակահատվածը դիտարկվում է մարտը, երբ Երևանում տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։
Պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին։ Վերջինս հրաժարվեց պատասխանել՝ Չավուշօղլուին Հայաստան գալու հրավեր եղել է, թե ոչ։
ԱԳՆ մամուլի քարտուղարը հղում կատարեց Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին, որը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ այս պահին նման հանդիպում նախանշված չէ և այդ ուղղությամբ պայմանավորվածություններ չկան։ Մեր պնդմանը,որ հարցը վերաբերում է հրավերին, այն է՝ Հայաստան այցելելու հրավեր Չավուշօղլուն փոխանցվել է, թե ոչ՝ Հունանյանը խուսափեց պատասխանել՝ առաջարկելով դիմել գրավոր։
Գրավոր հարցում, իհարկե, կուղարկենք, բայց ինչպես ցույց է տալիս փորձը՝ նախ 30 օրյա ժամկետ կպահանջեն՝ հարցն ուսումնասիրելու համար, ապա կուղարկեն ոչինչ չասող պատասխան՝ հղում կատարելով նախկինում հրապարակված ինչ-որ ելույթի կամ նյութի։