«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԱՌՎԱ ՏԱՊԻՆ ԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ Երևանի ավագանու ընտրություններն իշխանության համար շեքսպիրյան հարց են դարձել՝ «լինել-չլինելու», ուստի որոշել են մանրակրկիտ ուսումնասիրել դաշտը, հաշվարկել շանսերը, նվազեցնել ռիսկերը և դրանից հետո նշանակել ընտրության օր։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական դաշտից սպրդում է արտահերթ ընտրությունների գնալու մասին տեղեկատվություն, հետո պարզվում է` հրաժարվել են այդ մտքից, քանի որ հաշվարկներն առայժմ իրենց օգտին չեն։

Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երևանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը: Հաշվարկը հետևյալն է. երևանյան ամառվա տապն ընտրությունների համար բարենպաստ ժամանակ չէ, եթե, իհարկե, նորմալ ընտրություններ և զգալի մասնակցություն ես ակնկալում: Իսկ եթե քեզ ընդամենը 50+1 է պետք, և հարկավոր է, որ ընդդիմադիր զանգվածը չգնա քվեարկության, դա ամենահարմար ժամանակն է:

Իշխանությունը մտածում է, որ ՔՊ ընտրող զանգվածը, որը սոցիալապես աղքատ ու ցածր ինքնագիտակցությամբ խավն է, ամռանը մայրաքաղաքից չի բացակայելու, արձակուրդ չի գնալու և, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս: Իսկ ունևոր, գիտակից, ինտելեկտուալ և ընդդիմադիր խավը մեկնելու է հանգստի, իսկ եթե ներշնչեն, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է, հուսահատվելու է և առհասարակ չի գնալու քվեարկության: Արդյունքում շահելու է Տիգրան Ավինյանը»։

Aysor.am