Ազատ գյուղում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատները կառավարությունում են
Հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներն ու նրանց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն այս պահին կառավարության շենքում են։ Թե ով է գործադիրի անդամներից ընդունել նրանց, հայտնի չէ։
Զինծառայողների հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
«Ծնողներն ուզում են ներկայացնել իրենց անվստահությունը, իրենց կասկածները վարույթ իրականացնող մարմի կողմից առաջադրված վարկածի վերաբերյալ»,– մինչ կառավարության շենք մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Նորիկյանը։
Գործադիր մարմին գալուց առաջ զինծառայողների ծնողները ՊՆ շենքի դիմաց էին հավաքվել։ Նրանք համաձայն չեն վարույթի քննության ընթացքին և կարծում են, որ ողբերգության հանգամանքները միտումնավոր կոծկվում են։ Նրանցից մի քանիսը պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանի հրաժարականը։
Sputnik Արմենիա