Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել 20 մարմին

Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո աղետի գոտում փլատակներից դուրս են բերել 20 մարմին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, ՓԾ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը` ներկայացնելով այդ 2 երկրում իրենց առաքելությունն ավարտած փրկարարական ծառայության աշխատակիցների կատարած աշխատանքը։

«Ե՛վ Սիրիայում, և՛ Թուրքիայում 10-ական մարդու մարմին է դուրս բերվել փլատակներից։ Շուրջ 1 շաբաթ տևած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում միջազգային որակավորում ստացած հայկական ՔՈՓ թիմերը` համագործակցելով տեղի և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի»,– նշեց Արմաղանյանը։

Նրա խոսքով` Թուրքիայում վիրավորները փլատակներից դուրս են բերվել նույն տարածքից` 8–ամյա մի աղջիկ, հաջորդ օրն էլ՝ 20 և 24 տարեկան աղջիկներ։

Հալեպում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ, տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով։

Արմաղանյանը շեշտեց, որ փետրվարի 20-ի ժամը 08։00-ի տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է շուրջ 41.000–ի, իսկ Սիրիայում` մոտ 8500–ի։ Վիրավորները Թուրքիայում 110.000–ն են, իսկ Սիրիայում` 10.000 մարդ։

Նշենք, որ հայ փրկարարնեը Սիրիայից Հայաստան են վերադարձել փետրվարի 14-ին` օդանավով, իսկ փետրվարի 17-ին` Թուրքիայից` ցամաքային ճանապարհով։

Sputnik Արմենիա