ECDC․ Թուրքիայում և Սիրիայում աղետի գոտում խոլերայի բռնկման վտանգ կա

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարել է Թուրքիայի և Սիրիայի` երկրաշարժերից տուժած շրջաններում վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի մասին:

«Վարակիչ հիվանդությունների սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունները կարող են սրվել առաջիկա երկուսից չորս շաբաթվա ընթացքում»,-ասված է ECDC-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի մեծ հավանականություն կա։

Բացի այդ, չի բացառվում նաև տուժածների ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն և ռոտավիրուսը:

Հիվանդությունների տարածմանը կարող է հանգեցնել մաքուր ջրին սահմանափակ հասանելիությունը, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը։

Շնչառական վարակներն առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում, դրանց բռնկումների ռիսկը մեծանում է տուժածների ժամանակավոր ճամբարներ տեղափոխվելու պատճառով, որտեղ անհնար է խուսափել մարդկանց կուտակումից:

Sputnik Արմենիա