ՄՅՈՒՆԽԵՆ-2
Առաջին տպավորությունն այնպիսին էր, թե Փաշինյանն այս անգամ ավելի պարկեշտ տեսք ուներ, քան նույն Մյունխենում 2020 թվականին, Իլհամ Ալիևի հետ իր առաջին քննարկումների ժամանակ, երբ վերջինս գրեթե բացահայտ ծիծաղում էր Հայաստանի վարչապետի երեսին։
Գրեցի այս տողերն ու մտածեցի. իսկապե՞ս Փաշինյանն այս անգամ ավելի լավ տեսք ուներ։ Թե՞ արդեն այնքան ենք վարժվել միջազգային ասպարեզում նրա խայտառակ մկկոցին, որ երբ նա ինչ-որ հասկանալի բան է ասում, դա մեզ արդեն թվում է հռետորական արվեստի գագաթնակետ Փաշինյանի կատարմամբ...
ՍԱԿԱՅՆ ԶՈՒՏ ՀՈՒԶԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ։ Իսկ բովանդակային առումով ի՞նչ նոր բան բերեց Մյունխենը։ Այստեղ չի կարելի չանդրադառնալ այլ կերպ «Լաչինի միջանցք» անվանյալ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին անցակետ տեղադրելու Ալիևի առաջարկին։ Ադրբեջանական անցակետ, բնականաբար։
Ցուցանշական է, որ, Ալիևի խոսքերով, ինքն այդ թեման շոշափել է Բլինքեն-Ալիև-Փաշինյան եռակողմ բանակցությունների ժամանակ։ Իսկ Էնթոնի Բլինքենի գրասենյակի հաղորդմամբ՝ խոսակցությունն այնտեղ վերաբերել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագա խաղաղության պայմանագրի հեռանկարին։ Այսինքն Ալիևն այդ թեմային անդրադարձել է հենց ենթադրյալ խաղաղության պայմանագրի համատեքստում։ Այսինքն Ալիևը հույս ունի, թե անցակետի հարցը, եթե անգամ ուղղակիորեն ամրագրված չլինի պայմանագրում, ապա առնվազն պետք է լինի նույն այդ պայմանագրի «տրամաբանական հետևանքը»։ Եվ, Ալիևի խոսքերով, հայկական կողմն իր պատասխանը դեռ չի տվել…
Նկատենք. առայժմ չի տվել, թեև հեշտ է հասկանալ, որ եթե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղադրվի, ապա Արցախի էթնիկ զտումը լոկ ժամանակի հարց կլինի։ Հայաստանի իշխանությունը չի կարող դա չհասկանալ, բայց առայժմ պաշտոնապես չի մերժել Ալիևի առաջարկը։ Թեև կարող է դա անել միանգամայն փաստարկավորված, քանի որ այդ առաջարկով Ալիևը խախտում է իր իսկ ստորագրած 9.11.2020-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցումը նախորոշվում է որոշակի պայմաններով, որոնցից մեկը անխափան երթևեկությունն է Հայաստանն ու Արցախը կապող միջանցքով։ Եվ պաշտոնական Բաքուն Իլհամ Ալիևի ստորագրությամբ համաձայնություն է տվել միջանցքի գործունեության վերահսկողության ապահովմանը Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ Ադրբեջանը պարտավորվել է չխոչընդոտել դրան։ Այսինքն ոչ մի ադրբեջանական անցակետ միջանցքում ի սկզբանե չի նախատեսվում։
Բայց հիմա տեսնում ենք, որ եռակողմ հայտարարությունը Ալիևի համար հիմք չէ։ Նա ավելին է ուզում, անցակետ է ուզում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, քանի որ համարում է, թե 44-օրյա պատերազմով վերջ է տրվել Արցախի գոյությանը, իսկ 2021-ին Փաշինյանի վերընտրվելն ամրագրել է այդ արդյունքը... Ըստ Ալիևի, եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչո՞ւ անցակետ չդնի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։
Այստեղ Փաշինյանը համարձակվեց առարկել Ալիևին՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության մեջ խոսվում է հենց Լեռնային Ղարաբաղի մասին, և Ալիևը ստորագրել է այդ հայտարարության տակ։ Ամեն ինչ ճիշտ է, բայց Փաշինյանը կարող էր և հավելել, որ Իլհամը ստորագրել է ոչ միայն այդ հայտարարության տակ, որում խոսվում է հենց Լեռնային Ղարաբաղի մասին։ Նա ստորագրել է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հայտարարությունների տակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման երեք սկզբունքների, այդ թվում բացառապես խաղաղ և փոխզիջումային լուծման անհրաժեշտության վերաբերյալ։ Եվ որ Լեռնային Ղարաբաղ տերմինը առկա է նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ 90-ականների սկզբի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, որոնք այնքա՜ն թանկ են Ալիևի սրտին։
Եվ եթե Ալիևն ասում է, թե 44-օրյա պատերազմն իրեն իրավունք է տալիս ժխտել Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ հակառակ փաստերի, ապա դա նշանակում է, որ Ալիևը ինչպես եղել է, այնպես էլ մնում է միջազգային բոլոր վեճերի ուժային լուծման կողմնակից և օրինական է համարում ռազմական գործողությունները, պատերազմական հանցագործություններն ու էթնիկ զտումները։
Դա ակնհայտ է, բայց այդ դեպքում ինչի՞ վրա է կառուցվում անցակետի գաղափարն առաջ մղելու Ալիևի հաշվարկը։ Դե, առաջին հերթին, հաշվարկը Փաշինյանի տխրահռչակ «խաղաղասիրության» վրա է։ Եվ երկրորդ՝ այն բանի, որ միջանցքում ադրբեջանական անցակետի հարցը դնելով, ինքը հարցականի տակ է դնում նաև այդ պարագայում տվյալ ճանապարհին ՌԽԶ-ի ներկայության իմաստը՝ դրանով իսկ աջակցելով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունը նվազագույնի հասցնելու, իսկ հետագայում նաև վերացնելու Արևմուտքի ձգտմանը։