ՀԱՊԿ պատվիրակությունները Մոսկվայում սպառազինությունների վերահսկման հարցով խորհրդակցություն են անցկացրել

Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարությունում փետրվարի 21-ին Բելառուսի Հանրապետության նախագահությամբ տեղի են ունեցել «Սպառազինությունների վերահսկողության, զինաթափման և չտարածման» (ՍՎԶՉ) արդիական հարցերի թեմայով խորհրդակցություններ, որոնք անցկացվել են 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագրին համապատասխան։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցել են արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ-ին կից անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սամատ Օրդաբաևը և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցները:  

Խորհրդակցությունների մասնակիցները հանգամանալից քննարկել են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամփոփիչ գործընթացի իրավիճակը, ՄԱԿ-ի բազմակողմ հարթակներում ՍՎԶՉ-ի խնդիրների շուրջ փոխգործակցության և տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխման հարցերը, քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությունում և կենսաբանական ու տոքսինային զենքի արգելման մասին կոնվենցիայում իրադրությունը, ինչպես նաև ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի և ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների մասին «կառուցվածքային երկխոսության» շրջանակներում:

«Ընդգծվել է, որ ՍՎԶՉ-ի խնդիրները ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համաձայնեցման և համակարգման կարևորագույն ոլորտն են։ Կողմերը հետաքրքրություն են հայտնել ՍՎԶՉ-ի ոլորտում միջազգային իրավապայմանագրային բազայի ամբողջականության պահպանման և ամրապնդման հարցում։ Կարևորվել է դրա ապամոնտաժման կանխարգելման ուղղությամբ համաձայնեցված ջանքերի ակտիվացումը։ 

Խորհրդակցությունների մասնակիցներն ընդգծել են, որ լարված ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում ռազմավարական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ առաջընթացի բացակայությունը պայմանավորում են ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական քայլերի անհրաժեշտությունը ՍՎԶՉ-ի ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ:   

Եվրոպական անվտանգության հիմնախնդիրների քննարկման ընթացքում նշվել է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների մասին «կառուցվածքային երկխոսության» աշխատանքի վերսկսման և անվտանգության ոլորտում համագործակցության հարցով ԵԱՀԿ ֆորումի ձևաչափով քննարկումները շարունակելու պահանջարկը։ Կողմերը նաև շեշտը դրել են անվտանգության անբաժանելիության և համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բանակցությունների միջոցով հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման այլընտրանքի բացակայության մասին հիմնարար դրույթների կարևորության վրա, այդ թվում ամրագրված ԵԱՀԿ գագաթաժողովներին ընդունված 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթում և 2010 թվականի Աստանայի հռչակագրում։

Խորհրդակցությունների մասնակիցները հաստատել են, որ շահագրգռված են կանոնավոր կերպով համաձայնեցնել ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները ՍՎԶՉ-ի հարցերի շուրջ և համակարգել իրենց մոտեցումներն ու գործողությունները պրոֆիլային միջազգային հարթակներում՝ ի շահ խաղաղության և անվտանգության:

News.am