Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԻՐԱՆՆ Է, ՈՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ
Մյունխենի անվտանգության համաժողովում «քաղաքակիրթ և ազատ աշխարհի» ղեկավարներից որևԷ մեկը կեսբերան անգամ չկշտամբեց Իլհամ Ալիևին՝ երկու ամսից ավել Արցախի 120,000 հայերին պաշարված պահելու համար։
Այդ պատճառով էլ Բաքվի բռնապետն Մյունխենում իրեն շատ լավ էր զգում և շարունակում էր ծաղրել ու նվաստացնել ամբողջ հայությանը։ ԱՄՆ-ն էլ, ԵՄ-ն էլ, փաստորեն, խրախուսում են ադրբեջանաթուրքական հերթական հակահայկական ոճրագործությունը։ Ի դեպ, նույնն էլ անում է Ռուսաստանը։
Տրամաբանող և ամուր հոգեկան ունեցող հայ մարդը պետք է հասկանա, որ մենք այսօր անվտանգության երաշխիքներ չունենք ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից, ո՛չ ռուս խաղաղապահներից, ո՛չ արևմտյան դիտորդներից։ Ընդ որում, դա պարզ պետք է լիներ դեռևս 2020 թ. աշնանը։
Միայն Իրանն է, որ այս պահին շահագրգռված է Հայաստանի սահմանների անձեռնմխելիությամբ։ Հնդկաստանը ևս սկսել է որոշակիորեն հետաքրքվել մեր անվտանգությամբ։ Ուրեմն, տրամաբանող և ամուր հոգեկան ունեցող հայ մարդը պարտավոր է հասկանալ, որ մենք պետք է ինքներս լարենք մեր ուժերը և ստեղծենք համաժողովրդական-համապետական ինքնապաշտպանական համակարգ՝ հենվելով առայժմ Իրանի և Հնդկաստանի օժանդակության վրա։
Փրկվելու շանս ստանալու համար՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ վերածվի մի մեծ ռազմական ճամբարի և ատամներ ցույց տա Ադրբեջանին։ Միայն դրանից հետո նույն Ռուսաստանն ու գուցե (թեև քիչ հավանական է) արևմտյան հատուկենտ երկրներ ևս աջակցեն մեզ։
Այս ամենը վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս եմ ասել ու մանրամասնել, բայց ստիպված եմ կրկնվել, որովհետև իրավիճակը նույնն էր երեկ, նույնն է և այսօր, իսկ հետևությունները դեռ արված չեն։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ