Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսը ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներին ներկայացրել է տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալիքները։

«Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ»,– նշել է կաթողիկոսը։

Նա բարձր է գնահատել խորհրդարանականների` արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերը։

Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները դատապարտել են ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում։ Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։

Sputnik Արմենիա