Ժան Ասելբորն․ Լյուքսեմբուրգը պատճառ չի տեսնում Լաչինի միջանցքի շրջափակման համար
Լյուքսեմբուրգը պատճառ չի տեսնում Լաչինի միջանցքի շրջափակման համար և հիշեցնում է, որ այլ եվրոպական գործընկերների հետ արդեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժն այդ հատվածով։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործանախարար Ժան Ասելբորնը։
Նա շեշտեց, որ Երևանում կայացած հանդիպումների արդյունքում կարողացել է ավելի լավ հասկանալ ԼՂ–ում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները։
Ասելբորնի խոսքով`ազատ տեղաշարժը պետք է ապահովվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա։
«Չեմ տեսնում ոչ մի պատճառ այս միջանցքը, դռները փակելու այն մարդկանց համար, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Սա կապ է Հայաստանի հետ, այս ամենը պետք է հարգել, որպեսզի կարողանանք լուծումներ գնել»,– ասաց Ասելբորնը։
Ասելբորնը շեշտեց, որ Լյուքսեմբուրգն աջակցում է եռակողմ (Փաշինյան–Ալիև–Միշել) խաղաղության բանակցությունների վերսկսմանը, որպեսզի հնարավոր լինի ամուր և տևական խաղաղության հասնել, ինչպես նաև աջակցում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։
Նրա կարծիքով` առաքելությունը կարող է նպաստել սահմանային միջադեպերի թվի կրճատմանը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման կարևորագույն տարր դառնալ։ Նախարարը նշեց, որ Լյուքսեմբուրգը, որը նույնպես ներկայացված է առաքելությունում, ակտիվորեն աշխատելու է։
Sputnik Արմենիա