Վիվա-ՄՏՍ. ԱՎԵԼԻ ՔԱՆ ՅՈԹ ՏԱՐԻ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Վայքում բնակվող յոթնամյա Ռոբերտի շփման շրջանակը սեպտեմբերից ընդլայնվել է. դպրոց է հաճախում: Հասակակիցները նրան ընդունում են սիրով, միջավայրն էլ նպաստում է ինտեգրմանը: Մանկական ուղեղային կաթվածի (ՄՈւԿ) պատճառով, տղան վեց տարի սահմանափակվել է հիմնականում տանը՝ ընտանիքի հետ շփվելու հնարավորությամբ: Նրա խնամքով զբաղվել է մայրը, այնքանով՝ որքանով կարող է անել հոգատար ծնողը: Մասնագիտական լուրջ հմտություններ պահանջող աջակցություն Ռոբերտն սկսել է ստանալ անհատական օգնականի միջոցով: Մասնագետ, որի մուտքը մարզաբնակ ընտանիք արդյունավետ է եղել և՛ տղայի խնդիրների կարգավորման, և՛ ընտանիքի ու հատկապես մոր հոգսերի թեթևացման համար:
Ավելի քան յոթ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Սորս» հիմնադրամը կարևոր ջանքեր են գործադրում այս թիրախային խմբում հայտնված ընտանիքներին աջակցելու համար: Հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնագիտական աջակցություն տրամադրող անհատական օգնականներն էապես փոխում են նաև ընտանիքներում առկա իրականությունը: Լուծվում են ոչ միայն երեխաների սոցիալացման, ինքնուրույնության և առողջ մտածողության ձևավորման, նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խնդիրները, այլև ընտանիքում և դրանից դուրս՝ մայրիկների ինքնադրսևորման ու աշխատանքային զբաղվածության հարցերը: Պահանջված ծրագրի արդյունավետությունը զգալիորեն մեծացել է հատկապես մարզային ընդգրկում ապահովելուց հետո: Տարիների փորձն ու հմտությունը թույլ են տալիս ավելի կարճ ժամկետներում ստանալ հնարավորինս ակնհայտ արդյունք:
«Անհատական օգնականի ծրագրից օգտվելուց հետո, դրական մեծ դինամիկա ունենք: Ծրագիրն ինձ օգնել է զբաղվել նաև մյուս երեխայիս հարցերով, դասերով, ընտանիքիս և իմ զարգացման ու զբաղվածության խնդիրներով: Փորձում եմ ուսում ստանալ, վերապատրաստվում եմ, ուզում եմ ինչ-որ մի հարցով էլ ես ամուսնուս օգտակար լինել: Հիմա մի քիչ հանգիստ եմ. գիտեմ, որ ինձանից բացի, ինչ-որ մեկն էլ կարող է իմ երեխայի մասին հոգ տանել», - ասում է Ռոբերտի մայրը՝ Լիլիթ Արոյանը:
«Շատ կարևոր է, որ վերջին տարիներին անհատական օգնականի ծրագիրն իրականացվում է նաև մարզերում: Մայրաքաղաքում երեխաները կարողանում են օգտվել տարբեր ծրագրերից, ինչը դժվար է ասել մարզաբնակ երեխաների մասին: Ռոբերտի հետ աշխատանքային արդեն չորրորդ ամսում ենք: Ուներ երկու ձեռքի սպաստիկա և կարողանում էր աշխատացնել միայն աջ ձեռքը: Թեև չորս ամիսը մի փոքր քիչ է սպաստիկ մկանային խնդիրներով երեխայի հետ աշխատելու համար, սակայն արդեն իսկ ունենք արդյունք. Ռոբերտն արդեն կարողանում է աշխատել երկու ձեռքով՝ գործողությունը փոխանցելով աջից ձախ: Աշխատել ենք նաև աչք-ձեռք կոնտակտի համար: Հասել ենք նրան, որ երեխան կարողանում է անել այն, ինչը պահանջվում է իրենից և հայացքով հետևում է դրան»,- ասում է Ռոբերտի անհատական օգնականը՝ Լուսինե Կարապետյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և «Սորս» հիմնադրամի գործընկերության կարևոր ձեռքբերումներից է նաև երիտասարդների շրջանում նեղ մասնագիտական ուղղվածության ձևավորումը: Վերապատրաստված, աշխատանքային պրակտիկա անցած բոլոր մասնագետները, փորձի հիման վրա՝ կարողանում են իրենց տեղը գտնել նաև ոլորտային մեծ կենտրոններում։ Անհատական օգնականները կատարում են դայակ-խնամողի գործառույթ կամ գործում են որպես զարգացման մասնագետ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմաթիվ մասնագետներ թիմի կողմից: