Արցախի ԱԳՆ․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

2023 թ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին:

«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։

Ծանր հիվանդների տեղափոխումը Երևան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկության բացակայության մասին։ Ավելին, շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել՝ հետագա բուժման նպատակով շտապ Երևան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության ևս մեկ ապացույց է։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։

Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաև 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ առանց որևէ նախապայմանի։

Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին։

«Արմենպրես»