Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՈՉ ՄԻ ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԻ ԳՆՈՒՄ
Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում»,–ասել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ ծանոթ է իր գործընկերոջ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ավելի վաղ արած հայտարարություններին` վերջինս չի խոսել միջանցքի և միջանցքային տրամաբանության մասին։
«Այն, ինչի մասին նա (խմբ` Բաքվում ՌԴ դեսպանը) խոսել է, արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման ժամանակ։ Խոսքը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց դա այն փիլիսոփայությունն է, տրամաբանությունն ու ձևակերպումը, որն ընդունվում է բոլոր կողմերի կողմից»,–հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ Բոչարնիկովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հարցին, հայտարարել էր, որ ստեղծվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են տվյալ հարցով և որոնք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի ինչպես գործարար շահերի, այնպես էլ տեխնիկական հարցերի տեսանկյունից: Այս համատեքստում Բոչարնիկովը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախագիծը միանգամայն իրագործելի է անվանել։
Sputnik Արմենիա