ԿԵՂԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պետք է առանց նախապայմանների վերականգնի Լաչինի միջանցքով երթևեկության 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քուինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Հանդիպման ընթացքում Միրզոյանը կարևորել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, վատ չէ, որ Միրզոյանն օգտագործում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և Արցախի շրջափակման խնդրի վրա ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելու հերթական հնարավորությունը։ Այլ հարց է, թե որքանով է նա իսկապես մտահոգ այդ խնդրով։ Ամերիկյան նորանշանակ դեսպանի տեղում ես մեծ կասկածի տակ կառնեի դա։ Եվ միայն մեկ պարզ պատճառով։

Շրջափակման անցած ավելի քան 70 օրերի ընթացքում պաշտոնական Երևանն այդ հարցը բարձրացրել է գրեթե բոլորի առջև։ Նույնիսկ Մյունխենում այս թեման առանցքային տեղ էր զբաղեցնում հայկական պատվիրակության օրակարգում։ Սակայն առնվազն կասկածելի է, որ հայկական կողմի դիմումների հասցեատերերի ցանկում ոչ մի անգամ տեղ չգտավ Անկարան։ Վերջին շրջանում Արարատ Միրզոյանը մի քանի անգամ հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ Այդ ընթացքում հայկական կողմը մարդասիրական օգնություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած Թուրքիային, հայ փրկարարներն օգնել են փլատակների տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին։ Այդ ընթացքում «բացվել է» հայ-թուրքական սահմանը։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իր հայ գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ վերջին օրերին հայ-թուրքական սիրախաղն ակտիվացել է։

Մինչդեռ այս ամենը տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խորապատկերին։ Սակայն այդ խնդիրը հայկական կողմը երբեք չի դրել թուրքական կողմի առջև։ Եվ դա այն դեպքում, երբ այսօր Անկարան ամենաէական ազդեցություն ունի Բաքվի դիրքորոշման վրա։ Թուրք ավագ եղբոր մեկ բառն էլ, թերևս, բավական է, որպեսզի ադրբեջանցի կրտսեր եղբայրը հաշված ժամերի ընթացքում վերացնի բոլոր խոչընդոտները Հայաստանից Արցախ տանող ճանապարհին։ Այդուհանդերձ Արարատ Միրզոյանն անգերազանցելի համառությամբ լռության է մատնում այդ խնդիրը իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ։

Եվ ահա հիմա արտգործնախարարը գանգատվում է շրջափակումից ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ շփվելիս։ Թե նշմարել է արդյոք Քրիստինա Քուինը կեղծիքը Միրզոյանի խոսքերում, դժվար է ասել։ Սակայն շրջափակված Արցախի ճակատագրով միրզոյանական մտահոգության շինծու բնույթն ակնհայտ է։ Քանզի խնդիրը հայկական կողմը բարձրացնում է բնավ ոչ նրանց առջև, ովքեր ունեն հարցը լուծելու իրական հնարավորություն