Դավիթ Գալստյան․ Արցախի ԱԺ նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին
Երեք խմբակցությունների՝ Ազգային ժողովի նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին, որ Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր են և պետք է զերծ մնալ Արցախը ցնցումների տանելուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նշենք, որ ԱՀ ԱԺ այսօրվա նիստին ընդդիմադիր 3 խմբակցությունները հրաժարվել են մասնակցել:
«Օրվա իշխանությունների որոշումները և Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստի օրակարգը չի արտացոլում այսօր տեղի ունեցող իրադարձություններն Արցախում: Այսօրվա խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները ու չի վայելում ժողովրդի վստահությունը: Նման հարցեր քննարկելու համար այսօր ոչ պատեհ առիթ էր: Մենք դրանով ցույց ենք տվել, որ Արցախում ապրող ժողովրդի մտահոգությունները կիսում ենք:
Մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով փորձում ենք ներազդել իշխանությունների որոշման վրա, սակայն տեսնում ենք, որ նրանք մեծամասնություն են, կարողանում են իրենց կողմից առաջ բերված ցանկացած որոշում կյանքի կոչել»,- ասաց Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ: Ըստ հայտարարության՝ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, և այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը: