ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱԾ ԼԵԳԵՆԴԸ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ. ԻՐԱՎԱԳԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հրապարակելուն պես Ադրբեջանը պարտավոր էր ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն փաստ չէ, որ Ադրբեջանը դա կանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը` այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Հայտնել ենք, որ դատարանը փաստել է` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանեց` դատարանի այս որոշման կատարման համար չկան հատուկ մեխանիզմներ, հետևաբար Ադրբեջանի կողմից որոշումը չկատարելու դեպքում ոչինչ սպասել պետք չէ։
«Բայց Հայաստանի դիրքերն այս դատարանում ավելի կամրապնդվեն։ Հիմա Ադրբեջանի համար ավելի ու ավելի դժվար է լինելու որևէ նոր փաստակազմ առաջարկել այս դատարանում և նշանակում է` քաղաքական ճնշումը մեծանալու է Ադրբեջանի նկատմամբ, ու ճանապարհը պետք է բացել»,–ասաց նա։
Ղազարյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ ՀՀ–ի դիմումը բարենպաստ է երկրի համար, քանի որ դատարանը Հայաստանի պնդումները արժանահավատ է համարել, իսկ Ադրբեջանին պարտավորեցնող որոշումը նշանակում է, որ դատարանը որոշել է արդեն, որ Լաչինի միջանցքի փակումը պայմանավորված է ռասիստական նպատակներով։
«Ադրբեջանի նկատմամբ այդ պարտավորությունը շարունակվելու է այնքան, ինչքան այս դատական գործը քննվելու է։ Իսկ այս գործը կարող է դեռ մեկ տասնամյակ էլ քննվել։ Կարելի է ասել, որ արդեն նախանշված է` ինչպիսին է լինելու ապագա դատական ակտը, դրա համար միջանկյալ միջոցների մասին որոշումներում դատարանները միշտ շատ զգույշ են իրենց ձևակերպումներում, որ իրենց չմեղադրեն ապագայում կատարվելիք դատական ակտի վերաբերյալ կանխակալ նախակարծիք լինելուն, դրա համար դատարանը արձանագրում է ոչ թե խախտում,այլ արձանագրում է, որ ՀՀ–ն ներկայացրել է արժանահավատ հիմքեր, պահանջներ»,–ասաց Ղազարյանը։
Դատարանի զգուշավորությունը, մասնագետի կարծիքով, նկատվեց նաև Լաչինի միջանցքում «բնապահպանական» ակցիաների վերաբերյալ գնահատականներում, որտեղ նշել էին, թե ապացույցները բավարար չեն, որ այնտեղ իրականում շինծու բողոքի ակցիա է։ Այստեղ, ըստ Ղազարյանի, դատարանը խուսափել է քննադատություններից։
Մեկ այլ հարցով դատարանը մերժել է ՀՀ–ի պահանջը` նշելով, որ ապացույցները բավարար չեն։ Խոսքը ԼՂ–ին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու կամ խոչընդոտելու մասին է։
«Փաստորեն խողովակը գտնվում է մի տարածքում, որի նկատմամբ ՀՀ–ն չունի վերահսկողություն։ Եթե չունի վերահսկողություն, նաև չունի ապացույց, և այստեղ կարելի հասկանալ դատարանի կողմից նման մոտեցում ցուցաբերելը, որովհետև կստացվի, որ դատարանը ենթադրության հիման վրա է նման որոշում կայացնելու։ Այստեղ էլ դատարանը զգուշավորություն ցուցաբերեց, բայց մի փոքր ավելորդ զգուշավորություն»,–ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայցադիմումի մերժմանը` Ղազարյանն ընդգծեց, որ այդ մերժումով ՀՀ–ի կողմից իբրև թե ադրբեջանական տարածքների ականապատման վերաբերյալ Ադրբեջանի հնարած լեգենդը հօդս ցնդեց։
Սա, փաստորեն, թվով երկրորդ մերժումն էր Ադրբեջանին։ 2021 թվականի դեկտեմբերի 7–ից` առաջին մերժումից հետո, Ադրբեջանը որևէ նոր փաստ չի ներկայացրել, որ ականները տեղադրել է Հայաստանը։ Բացի այդ, այն տարածքները, որոնք մատնանշում է Ադրբեջանը, ՀՀ–ի վերահսկողության տակ չեն գտնվում։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։