«ՇՆՉԻ» ՊԱՐՏՔ
Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով, ըստ նախնական տվյալների, 2021 թվականի համեմատ գրանցել է 12,6% աճ։ Այսպիսի տվյալներ են հրապարակվել Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդ 777.9 մլն դրամ: Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 2 861 735 դրամ, 6 569 դոլար և 6 210 եվրո։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ: Սակայն այստեղ կան նրբերանգներ, որոնք հաշվի առնելով՝ կառավարությունը հիմքեր չունի նման էական աճով առանձնակի ոգևորության համար։ Եվ առաջին հերթին դա վերաբերում է պետական պարտքի հետ կապված իրավիճակին։
Ահա ուրեմն, անցած տարի ՀՆԱ-ի աճն ուղեկցվել է պետպարտքի է՛լ ավելի տպավորիչ աճով։ Դոլարային արտահայտությամբ դա (պետական պարտքը) աճել է 15%-ով։ Եթե 2021 թվականի դեկտեմբերի 31-ին այդ ցուցանիշը գրանցվել է 9 միլիարդ 225 միլիոն դոլարի մակարդակում, ապա 2022 թվականի դեկտեմբերի 31-ին հասել է 10 միլիարդ 637 միլիոնի։ Ի դեպ, աճը և՛ ռեկորդային է, և՛ պատմական։ Դատեք ինքներդ, միայն 2022 թվականին պետական պարտքն ավելացել է 1,4 միլիարդ դոլարով։ Մինչդեռ նախկինում պետպարտքը նույնքան աճում էր մի քանի տարվա ընթացքում։ Օրինակ՝ 2012-ից մինչև 2016 թվականը։ Փաստորեն, այդ առումով Հայաստանի կառավարությունը հնգամյա նշաձողը հաղթահարել է մեկ տարվա ընթացքում։
Ասենք, պետպարտքի մակարդակի գնահատման հիմնական չափանիշը դրա հարաբերակցությունն է ՀՆԱ-ի նկատմամբ։ Ըստ ներկայացված վիճակագրության, նույնիսկ հաշվի առնելով անցած տարվա ընթացքում ՀՆԱ-ի տպավորիչ աճը, այդ հարաբերակցությունը կազմել է 54%: Օրինակ, 10 տարի առաջ պարտքի ծավալը չէր գերազանցում ՀՆԱ-ի 35%-ը։ Բացի այդ, հայտնի է, որ այն երկրները, որտեղ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 50% և ավելի, պարտքի կառավարելիության առումով համարվում են ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրներ։ Այնպես որ կարելի է փաստել, որ չնայած նախորդ տարվա ընթացքում ՀՆԱ-ի զգալի աճին, պետական պարտքը կառավարելիության գոտի չի վերադարձել։ Իսկ դա, մեղմ ասած, վտանգավոր վիճակ է։ Նախևառաջ այն պարզ պատճառով, որ ՀՆԱ-ի հերթական «թռիչքաձև» աճի նախադրյալներ ընթացիկ տարում, ասենք նաև տեսանելի ապագայում չկան։ Նույնիսկ 2023-ի բյուջեում կառավարությունը սահմանափակվել է համեստ 7% տոկոս կանխատեսմամբ։
Իսկ այ պետական պարտքը պարզապես դատապարտված է աճել նաև ընթացիկ տարում։ Բավական է նշել, որ բյուջեի դեֆիցիտը գրանցվել է ավելի քան 700 միլիոն դոլարի մակարդակում։ Եվ իհարկե, այս կառավարությունը ծածկելու է դա նոր վարկերի և պարտքային պարտավորությունների ավելացման հաշվին։
Իհարկե, լավ է, որ երկրի ՀՆԱ-ն էականորեն աճել է։ Վատ է մեկ այլ բան։ Նախևառաջ այն, որ դա տեղի է ունեցել սուբյեկտիվ այսրոպեական արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնք թեև դրական, բայց շոկային են դարձել Հայաստանի տնտեսության համար։ Իսկ է՛լ ավելի վատ է, ավելի ճիշտ՝ ուղղակի արտառոց է այն, որ թեկուզև իրավիճակային այդ բարենպաստ պայմաններում Հայաստանի կառավարությունը հաջողացրել է աննախադեպ ավելացնել երկրի պարտքային պարտավորությունները։
Այո, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հասել է 6659 դոլարի։ Սակայն բնակչության այդ մեկ շնչին տվյալ փաստը չի ջերմացնում։ Քանզի աճել է նաև իր «շնչի» պարտքը…