Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՎԵՐԱԾՎԻ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հիմնավոր փաստ կա, որ Հայաստանի իշխանությունները այս պահին բանավոր, ինչ-որ տեղ նաև փաստաթղթային, որի վկայությունն է Պրահայի եռակողմ հայտարարությունը, որ համաձայնություն են տվել, որ Արցախը լինի, մնա Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայաստանի ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանը:
«Սա շատ վտանգավոր հանգամանք է: Դա իր միջազգային ճանաչումն է ստանալու, երբ ստորագրվի այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը: Այն, ինչ կտարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի և միջնորդների, փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում: Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում: Այս փաթեթավորումը երկու դրսևորում ունի. մեկը լեզվական, բովանդակային, մյուսը ոճային PR-ային դրսևորումներն են: Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սևը սպիտակի վրա այդ հարցը հստակ ձևակերպվի խաղաղության պայմանագրում: Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության և Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու: Իբր այդ պատուհանը բաց է թողնվում»,-ասաց Օսկանյանը:
Նա հայտարարեց, որ եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի. «Ինչպես կա ջավախահայություն, այնպես էլ կլինի Արցախում: Բայց Ջավախքի ու Արցախի տարբերությունը այն է, որ մի քանի տարի հետո Արցախը վերածվելու է Ջավախքից Նախիջևանի»:
Նա անդրադարձավ նաև «խաղաղության պայմանագրի» ոճային ու PR-ային փաթեթվարովմանը՝ նշելով. «Սրա տեղ երկու գործոն է՝ անխուսափելիության և այլընտրանքի բացակայության հիմնավորումները: Ես ժխտում եմ այդ թեզը, որով իշխանությունը արդարացնում է իր անզորությունը, անգործությունն ու ձախողումները: Ասում են՝ պատերազմ եղավ, որն անխուսափելի էր, որովհետև վատ ժառանգություն էինք ստացել: Պարտվեցինք, անխուսափելի էր, որովհետև բանակ չունենք, այսօր անխուսափելի է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա: Այս երեքն էլ սին ու սուտ թեզեր են»,-ասաց Օսկանյանը: