Վերլուծաբան. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փորձում են տարածաշրջանից ճանապարհել ռուսներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը կարող է դնել Լաչինի միջանցքում անցակետեր, ռենտգեն սարքեր և բացել ճանապարհը, բայց դա կախված կլինի նրանից, թե նա ինչ հաշվարկներով է տանելու իր գործողությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիրիրյանը:
«Պետք է հասկանանք, որ Բաքուն այդ ճանապարհը փակել է մի քանի հարց լուծելու համար: Հիմա կարող է ժամանակավոր բացել միջանցքը՝ մտածելով, որ այդ հարցերը այդկերպ ավելի հեշտ կլուծվեն: Այսինքն, օրինակ, բացելուց հետո արցախահայության մի մասը լքի Արցախը:
Այսօր Ադրբեջանն այն վիճակում է, որ իրեն այդքան հեշտ չի ճնշելը: Տեսեք, մի քանի օր առաջ եղավ Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը, և Ադրբեջանի իշխանությունները շատ ուղիղ ասացին, որ իրենք չեն պատրաստվում կատարել այդ որոշումը: Այսօր Արևմուտքը բավականին կախվածության մեջ է Ադրբեջանից մի շարք հարցերում. Առաջինը էներգակիրների այլընտրանքային մատակարարման հարցն է, երկրորդը Իրանի քեյսն է: Իրանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության մեջ Ադրբեջանն ունի առանցքային դեր: Պարզ է, որ հայերի համար Արևմուտքի չի պատրաստվում այդ ստրատեգիական ուղղությունները ձեռքից բաց թողնել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո Բաքուն կսկսի բանակցել Արցախի իշխանությունների հետ, Կիվիրյանը պատասխանեց. «Այն տեսքով, որով Ադրբեջանը մատնանշում է բանակցությունները, այդ տեսքով 2020-ից մինչև հիմա Ադրբեջանը մշտապես բանակցում է Արցախի տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Գաղտնիք չէ, որ բանակցում էին երեք հոգի՝ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և այսօրվա ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Այս երեքի հետ Ադրբեջանը տարբեր հարթություններով բանակցում էր: Այլ հարց, որ հիմա այդ բանակցությունները կարող են ավելի հրապարկային լինել: Նա ներկայացնում է, որ բանակցում է իր քաղաքացիների հետ, ոչ թե Արցախ սուբյեկտի հետ»:
Վերլուծաբանը հայտարարեց, որ այսօր ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ միասին փորձում են այս տարածաշրջանից ճանապարհել ռուսներին. «Այսօրվա դրությամբ իրենք վերածվել են Ադրբեջանի կամքը կատարողների, հույս ունենալով, որ Ադրբեջանն էլ իրենց կօգնի պասերով այստեղ պահպանել իրենց իշխանությունը»,-ընդգծեց նա: