Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁՆ ԱԼԻԵՎԻ ՆՄԱՆ ՇՏԱՊՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական պայքարը կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, և Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության վայր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

 


«Հերթական անգամ տեսնում ենք, որ ստվերային ճակատագրական որոշումներ են ընդունում առանց մեզ տեղեկացնելու։ Լինելու են շատ անակնկալներ, որոնք կունենան ճակատագրական նշանակություն։ Մենք տեսնում ենք, որ նման զգուշացնումներ Ռուսաստանից արդեն պաշտոնական մակարդակով հայտնում են, և խոսք է գնում Հայաստանի պետականության կորստի մասին։ Եվ եթե մենք արևմտյան ամենալուրջ հետազոտական կենտրոնների մտքերը կարդանք, կտեսնենք, որ այդ կանխատեսումներն իրենց մոտ ևս կան։ Աշխարհաքաղաքական պայքարը, որը տեղի է ունենում Ուկրաինայում կարող է տեղափոխվել Հայաստանի տարածք, և Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության վայր։ Այդ տեղափոխումը կախված կարող է լինել նման անակկալ որոշումներից»,- նշեց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, քանի որ 44-օրյա պատերազմում մեր դեմ ստեղծվել էր մեծ կոալիցիա՝ Մեծ Բրիտիանայի առաջնորդությամբ, և այդ աջակցության դիմաց Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել։

«Ադրբեջանն իր վրա վերցրել է պարտավորություններ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։ Քանի որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական պատերազմով, ժամանակ է առաջացել Հայաստանի հարցերը լուծելու ու Ռուսաստանի և Իրանի արանքը ներխուժելու՝ մինչև Կենտրոնական Ասիա։ Այստեղ խանգարող հանգամանքը Սյունիքն է։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է Հայաստանը ներկայացնող անձը ևս շտապում, նա այդ ծրագրերի՞ մասնակիցն է, մի՞թե սա նրա իշխանության գալու գինն էր»,- նկատեց Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ ծրագիրն էր։ Նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, կվերանացնի Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։ Իսկ Լաչինի միջանցքի բացումը կախված է պայմաններից, որոնք առաջ կքաշեն Արևմուտքը և Ադրբեջանը։

«Պայմանները շատ կոնկրետ են՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցը դուրս է գալիս և մտնում է թուրքական աշխարհի միջանցքի խնդիրը։ Լինում են նոր աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Սա կենսական նշանակություն ունի Իրանի հետ, և ապագայում նաև Ռուսաստանի՝ հարց է առաջանում՝ արդյոք այս երկրները կհամաձայնե՞ն այս ամենին և վտանգի տակ չե՞ն դնի Հայաստանին, որովհետև սա իրենց գոյության հարցն է։ Չափազանց լուրջ է պետք վերաբերվել Ռուսաստանի հայտարարություններին։ Այս իշխանությունը մեզ տանում է լուրջ ցնցումների, որոնք կարող են ճակատագրական լինել»,- ընդգծեց Դանիելյանը։

News.am