«ՄԻԱՎՈՐԵԼ ՋԱՆՔԵՐԸ՝ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱԿՆՀԱՅՏ ԴԱՐՁԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ». ՀԻՄՆՎԵԼ Է ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա ստեղծելու գաղափարը մասնագետները վաղուց ունեին, իսկ վերջին իրադարձությունները երկրում՝ կորոնավիրուսը, պատերազմը և դրանց հաջորդող զարգացումները հատկապես արդիականացրին հարցը։ Պատերազմից հետո ակնհայտ դարձան այն խնդիրները, որոնք կարելի է լուծել միայն ջանքերը միավորելով, լրագրողների հետ զրույցում ասել է ասոցիացիայի հիմնադիրներից մեկը՝ հոգեբան Դավիթ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ ներկայում երկրում շատ են այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ աջակցության կարիք ունեն, և նրանք այն ինչ-որ չափով ստանում են, բայց չկարգավորված ձևով։ «Մեզ բաժին հասած արհավիրքները ցույց տվեցին, որ մենք բավականաչափ պատրաստված չենք մեծ քանակությամբ մարդկանց հետ աշխատելու համար։ Ակնհայտ դարձավ, որ ոլորտը ինստիտուցիոնալացման և կարգավորման կարիք ունի»,- նշել է նա։

Մասնագետի խոսքով՝ ասոցիացիայի շրջանակում, որի ստեղծման մասին հայտարարվել է փետրվարի 23-ի հիմնադիր ժողովում, նախատեսվում է միավորել պրոֆեսիոնալների ջանքերը, որոնք կարող են վերապատրաստել երիտասարդ մասնագետներին սպեցիֆիկ հարցերում, ինչպես նաև մշակել որակավորման բարձրացման միասնական ծրագրեր։ «Ներկայում իրականացվում է կրթական ծրագրերի մոնիթորինգ՝ արդիականացման նպատակով, քանի որ մեր բոլոր բուհական ծրագրերը, գուցե, լավ տեսական հիմք ունեն, բայց հետ են մնում գործնական աշխատանքի առումով»,- ասել է Դավիթ Գևորգյանը։

Հոգեբան, հոգեթերապևտ Անուշ Ալեքսանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը հասարակության մենթալ առողջության բարելավումն է։ «Այժմ մեր երկրում այդ ոլորտում ճգնաժամային իրավիճակ է, քանի որ մենք մշտապես գտնվում ենք սոցիալ-տնտեսական, քաղաքական տեղաշարժերի կենտրոնում, և լայնածավալ փոփոխությունները մարդկանց վրա բացասական ազդեցություն են գործում։ Արդյունքում՝ մենք տեսնում ենք դեպրեսիվ վիճակում գտնվող, անտարբեր, բավարար չափով չմոտիվացված, ագրեսիվ, ամեն ինչից օտարված մարդկանց, որոնք փախչում են իրականությունից։ Ամենակարևորը, ինչն այսօր տեսնում եմ, պատկանելության ճգնաժամն է, այսինքն՝ մարդիկ իրենց չեն ասոցացնում այս իրավիճակի հետ։ Եվ այդ խորացող պրոցեսները, այդ երևույթները նկատելի են անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար»,- ասել է նա։ Հոգեբանի կարծիքով՝ այս հարցերի լուծման համար առանձին մասնագետների աշխատանքը բավական չէ, պրոֆեսիոնալ հանրույթը պետք է մշակի ռազմավարություն, գործողությունների պլան, որոնք կդառնան կառավարության՝ հասարակության առողջության բարելավման ծրագիրը։ «Եվ դա չպետք է մնա անհատի ուսերին։ Պետությունը պետք է հոգ տանի հասարակության հոգեկան առողջության մասին»,- ասել է նա։

Ասոցիացիայի ղեկավար, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը նշել է, որ ասոցիացիան միավորում է նշանավոր շատ մասնագետների, որոնք այս կամ այն կերպ կապված են հոգեկան առողջության հետ՝ հոգեբաններ, հոգեթերապևտներ, հոգեբույժներ, սեռաբաններ, նարկոլոգներ, սոցիալական աշխատողներ և այլք։

Ասոցիացիայի գործունությունը կուղղվի գիտական մոտեցման ներդրմանը հոգեկան առողջության ոլորտում, հասարակության ուշադրությունը հոգեկան առողջությանը սևեռելուն, ինչպես նաև ոլորտի մասնագետների նկատմամբ վստահության բարձրացմանը։ Այս հարցում ասոցիացիան համագործակցելու է արդեն գործող ասոցիացիաների, մասնավորապես՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ, որի ղեկավարի՝ Արմեն Սողոյանի գրավոր ողջույնն ընթերցվեց հիմնադիր ժողովում։

Արամ Հովսեփյանը նշել է, որ Հայաստանում հոգեկան առողջության ոլորտը վերջին ժամանակներս դինամիկ կերպով զարգանում է, և արդեն շատ բան է արվել։ Սկսվել է բուժման ապակենտրոնացման գործընթացը, ակտիվ պայքար է մղվում հոգեկան հիվանդների խարանման դեմ, և ակտիվորեն յուրացվում է միջազգային փորձը։ Բայց դեռ շատ բան կա անելու՝ զարգացած երկրների մակարդակին հասնելու համար։ «Մեր նպատակը պրոֆեսիոնալ ծառայությունների որակը բարձրացնելն է, նոր գիտելիքներ տալը, գիտական հետազոտություններ իրականացնելը և այլն։ Իհարկե, կան խնդիրներ՝ ոլորտում երիտասարդներին ներգրավելու հետ կապված, և մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մեր մասնագիտությունն ավելի հրապուրիչ դարձնենք»,- նշել է հոգեբույժը։

Միջոցառման ժամանակ ներկայացվել է ասոցիացիայի 20 կետից բաղկացած ծրագիրը, որը ներառում է մասնագետների մասնագիտական զարգացումը, հոգեբույժների և հոգեբանների լիցենզավորման համակարգի ներդրումը, էթիկայի վարքականոնի մշակումը ոլորտի մասնագետների համար, մենթալ առողջության միջազգային կազմակերպությունների հետ կապերի հաստատումը, կլինիկական ուղեցույցների ստեղծումը, ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի սինքրոնացումը՝ այս ծրագրի իրականացման համար։

Ծրագրվում է նաև մշակել նոր օրենք «Հոգեկան առողջության մասին», քանի որ գործող «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը միայն մասամբ է կարգավորում ոլորտը։

NEWS.am Medicine