Հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ: