Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում մի շարք արդիական հարցեր է քննարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,- ասված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ։
Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին։
«Դուք իրավամբ բարձր հեղինակություն եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում և արտասահմանում։ Այս դժվարին պահին, նման կրիտիկական իրավիճակում, երբ Թուրքիան հաղթահարում է ավերիչ երկրաշարժերի ողբերգական հետևանքները, լիովին դրսևորվում են ձեր՝ որպես պետական գործչի և մարդու լավագույն որակները, համարձակությունը, կշռադատված և անհրաժեշտ որոշումներ կայացնելու կարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանում բարձր են գնահատում ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և կառուցողական համագործակցության ամրապնդման գործում,- գրել է Պուտինը,- Վստահ եմ, որ մենք այսուհետ ևս կշարունակենք իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր, կշարունակենք տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համակարգումը»։
«Սրտանց մաղթում եմ քեզ, սիրելի բարեկամ, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություններ»,- գրել է ՌԴ նախագահը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
News.am