ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է բարձրագույն դատական խորհուրդի (ԲԴԽ) մամուլի ծառայությունը։

 


Մասնավորապես, ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխնատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։

Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը, ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։

Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Sputnik Արմենիա