Չավուշօղլու․ Թուրքիան չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը մինչև վերջ չի կատարել Մադրիդյան համաձայնությունները։ Այս մասին նա ասել է լրագրողներին։

Նրա խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան որոշակի պարտավորություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, բայց Ստոկհոլմը բոլոր պարտավորությունները չէ, որ կատարել է։

Շվեդիայում մինչև հիմա գործում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը», նշել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մարտի 9-ին Բրյուսելում տեղի է ունենալու Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։ Այս մասին Անկարայում ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան։

News.am