Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԱՀԱՎՈՐ ՇՏԱՊՈՒՄ ԵՆ, ԵՎ ՕՆԼԱՅՆԻ ԱՆՑՆԵԼԸ ԴՐԱ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ Է
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Երեկ հայկական տեղեկատվական դաշտը, տարվելով հայտնի ընտանեկան զույգի կողմից հրապարակված ցածրաճաշակ ֆոտոաղբով, ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։
Հասկանանք ինչ է սա նշանակում։
Քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։
1. Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը։
Կրկին հիշեցնում եմ իմ կողմից հրապարակված փաստաթղթի գոյության մասին, որտեղ ամենակարևոր սկզբունքներից էր Ադրբեջանի կազմ Արցախը մտցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։ (Տես այստեղ)։
2. Մենք բազմիցս ականատես եք եղել, որ մեզ ներկայացնող ոհմակն անգամ հանրային տիրույթում, հրապարակային խոսքում չի կարողանում կամ չի ուզում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, մեր մոտեցումները։
Իր երբեմնի ճարտասանությամբ փայլող Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններում պարբերաբար հայտնվում է խորը փոսերի մեջ։ Նույն իրավիճակում են հայտնվում նաև իր մնացած բոլոր մյուս բանակցողները։
Հարց՝ եթե իրենց՝ «լեզվին տալու» վարպետությամբ Նիկոլն ու իր ոհմակը «տակ են» տալիս բանավոր բանակցությունները, ի՞նչ եք կարծում, գրավոր խոսքում, գրավոր հիմնավորումներում, գրավոր տեսքով ինչպե՞ս են ներկայացվելու հայկական շահերը։
3. Կենդանի շփումների ժամանակ բոլոր տեսակի բանակցություններում կան միջնորդներ, որոնց գոյությունը կարելի է օգտագործել առավել բարենպաստ բանակցային բովանդակություն ստեղծելու համար։
Հասկանալի է, որ օնլայն նամակագրության ժամանակ ադրբեջանական կամ հայկական կողմերը կարող են CC , անգամ՝ BCC դնել իրենց մեյլերի վրա, բայց արդյո՞ք բանակցային գործընթացից միջնորդների վերջնական վերացումը Հայաստանի թույլ դիրքերի պարագայում էլ ավելի չի թուլացնելու բանակցությունների ընթացքում Հայաստանի հնարավորությունները։
4. Օնլայն ձևաչափով նման լրջագույն բանակցությունների շուրջ շփումները վկայում են նաև այն մասին, թե ինչ downgrade է եղել բանակցային գործընթացը։
Չէ որ նման լրջագույն հարցով բանակցային գործընթացը ոչ շոփփինգ է, ոչ սթրիմինգ, ոչ գեմբլինգ, ոչ դեյթինգ, ոչ էլ բենկինք։
Սրանից այն կողմ կարելի է մեկ էլ SMS տարբերակով որոշել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը։
Չզարմանաք, որ նման բանակցությունների վերջում պարզվի, որ Նիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել։
Ի մի բերելով ասեմ՝ Նիկոլն ու Ալիևը ահավոր շտապում են, և օնլայնի անցնելը դրա վառ ապացույցներից է»։